Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ |tert.am|
21:50 - 26 մարտի, 2023

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Դրանում նշվում է, որ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը հետաքննում են այս փաստը։

Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։ Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներ բարձված խաղաղապահ զորակազմի ավտոշարասյան անցումը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2522,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, ասվում է տեղեկագրում։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ «Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները, և հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել