Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին նրա վերջին հայտարարությունից հետո, որում նախարարը վարչապետին կոչ էր արել դադարեցնելու երկրում դատաիրավական փոփոխությունների գործընթացը։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Նշենք, որ արդեն 11-րդ շաբաթն է՝ Իսրայելում զանգվածային ցույցեր են։ Պատճառը իշխող կոալիցիայի առաջարկած փոփոխությունների փաթեթն է, որը, ըստ կառավարության, վերականգնելու է ուժերի հավասարակշռությունը կառավարության և Իսրայելի բարձրագույն դատարանի միջև:
Այս փոփոխության դեմ պայքարողները պնդում են, որ այսկերպ իշխանությունը փորձում է սահմանափակել դատական իշխանության գործունեությունը։
Իսրայելի վարչապետն ավելի վաղ ասել է, որ շարունակելու է «իրավական բարեփոխումները»՝ չնայած դրանց դեմ շարունակվող բողոքներին:
Հինգշաբթի օրը նոր օրենքի ընդունումը, որը դատարանների համար դժվարացնում է պաշտոնի համար ոչ պիտանի ղեկավարին հեռացնելը, զայրացրել է հազարավոր մարդկանց։ Ըստ նրանց՝ օրենքը բխում է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի շահերից, որը դատվում է կոռուպցիայի համար (թեմայի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ)։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Թել Ավիվում և այլ քաղաքներում և փակել հիմնական ճանապարհները։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Թել Ավիվի բանուկ մայրուղում հավաքված ամբոխը ցրելու համար և հայտնել, որ իրենք տասնյակ մարդկանց են ձերբակալել ամբողջ երկրում հասարակական անկարգությունների համար:
Աճող քաղաքական լարվածության պայմաններում Նեթանյահուն հինգշաբթի օրը՝ մարտի 23-ին մեկնել է Մեծ Բրիտանիա ու հանդիպել վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Նեթանյահուն խոստացել է «ամեն ինչ անել իրավիճակը հանդարտեցնելու և համախմբվածություն բերելու համար» և առաջարկի թե՛ կողմնակիցների, թե՛ քննադատների համար ընդունելի լուծման հասնելու համար։
Այնուամենայնիվ նա խոստացել է շարունակել բարեփոխումները, այդ թվում նաև այն փոփոխությունը, որով կառավարությանը լիակատար վերահսկողություն է տալիս դատավորներին նշանակող հանձնաժողովի վրա։ Ըստ Իսրայելի վարչապետի՝ դրանք խորհրդարանում կանցնեն արդեն եկող շաբաթ։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ անհամաձայնություն վտանգի ենթարկի մեր հավաքական ապագան»,- ասել է նա։
Գլխավոր լուսանկարում՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը
comment.count (0)