armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի Հումբաթ Հուսեյնովի կեղծ թեզերին, ով խոսել է անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին։
Արձագանքելով ադրբեջանցի պատվիրակի հայտարարություններին՝ նախ հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։ Խաժակյանը նշեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը, և հրաժարվում է վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ։
«Մենք քիչ առաջ լսեցինք Ադրբեջանի պատվիրակի ելույթը, ով խոսում էր Հայաստանից ինչ-որ պահանջներից։ Դուք գիտեք, որ Հայաստանը պատրաստ է խոսել խաղաղության օրակարգի շուրջ, և դա է կարևոր մեզ համար։ Եղել են բազմաթիվ պայմանավորվածություններ , և կարող ենք ասել, որ մենք պատրաստ ենք կատարել համաձայնեցված դրույթները։ Բայց այժմ, երբ Ադրբեջանի պատվիրակը խոսում է ինչ-որ տեղահանված մարդկանց վերադարձի մասին, ես պետք է ընթերցեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մի դրույթ, որը ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը։ Հայտարարության 7-րդ կետով ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց իրականությունն այլ է, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը։ Նրանք հրաժարվում են վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ, և այդքանով հանդերձ այս հարթակում նրանք խոսում են իրենց պահանջների մասին»,լ- ասել է Խաժակյանը։
Նա հավելել է, որ խաղաղություն հնարավոր կլինի ունենալ միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր կողմ կատարում է իր պարտականությունները։ «Դուք տեղյակ եք, որ Լաչինի միջանցքը երկար ժամանակ է, ինչ փակված է, և մենք տեսանք ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությունը, որով ասվում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը, քանզի դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Սակայն նրանք դա չեն անում՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում, իսկ այստեղ անում են նոր պահանջների վերաբերյալ հայտարարություններ։ Ես առաջարկում եմ Ադրբեջանի պատվիրակին խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է Ադրբեջանը և ապաշրջափակել Լաչինի միջանցքը, քանզի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը, քաղաքական շահերից ելնելով, չի կարող ստեղծել հումանիտար ճգնաժամ»,- եզրափակել է Խաժակյանը։
comment.count (0)