Քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր
17:16 - 27 մարտի, 2023

Քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

Երևանում այսօր կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։ 

Քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել գործարար կապերի, ինչպես նաև մշակութային, կրթական և գիտական ոլորտներում համագործակցության ընդլայնման  ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, ինչպես նաև քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։

Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլնի, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Խորհրդակցությունների ավարտին Յարոսլավ Կուրֆյուրստին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ շարունակվող բանակցություններին, Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել