Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծ
17:46 - 27 մարտի, 2023

Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծ

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ Գիտության կոմիտեից։ 

«ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: 

 «Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել։

Հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. ապրիլի 12-ը ներառյալ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/5537, կամ ուղարկելով Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ս.թ. ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել