Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաների վերաբերյալ
16:33 - 28 մարտի, 2023

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաների վերաբերյալ

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են մի շարք, այդ թվում՝ տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության այլ հարցերի՝ հաշվի առնելով նաև, որ Իսպանիան հուլիսից ստանձնելու է ԵՄ խորհրդում նախագահությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներով: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի՝ այդ թվում նաև վերջին շրջանի ագրեսիվ գործողություններին, ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությանն ու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից միջանցքի արգելափակման վերացման, ինչպես նաև Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկման կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել