tert.am: Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հրդեհից տուժածների հարազատների պաշտպան Նորայր Նորիկյանը։
«Փետրվարի 9-ին իմ կողմից դիմումներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին ու ՀՀ զինվորական դատախազին՝ հանդիպելու ծնողների հետ, փետրվարի 28-ին էլ ծնողներն են անհատապես դիմում ներկայացրել Պաշտպանության նախարարին՝ հանդիպման պահանջով»,- ասաց փաստաբանը։
«Ես ստացել եմ ՆԳՆ ՓԾ տնօրենի համապատասխան գրությունը, որով բոլոր հարցերին պատասխանել է, բացառությամբ երկու ռազմավարական բնույթի հարցերի։ Դրանք վերաբերում էին այն հարցերին, թե գնդապետ Սարոյանին կոնկրետ երբ, ինչ հանգամանքներում, ում կողմից է տրվել տեղեկատվություն զինծառայողների՝ մահճակալներում գտնվելու վերաբերյալ, ինչպես նաև հրդեհից որքան ժամանակ հետո է այդ տեղեկատվությունը փոխանցվել գնդապետին։ Փետրվարի 26-ին մենք հարցեր ենք ուղղել նաև ՊՆ նախարարին, առ այս պահը ՊՆ-ից որևէ արձագանք չկա մեր հարցերի կապակցությմաբ։ ՊՆ-ն իր վարքագծով տարակուսանք է առաջացնում։ Ոչ միայն ձեռնպահ մնացին տուժողներին հանդիպելուց, այլ նաև իրենց վարքագծով առնվազն ներողություն խնդրելու առումով պարտավոր էին որոշակի հրապարակայնություն դրսևորել, սա ասում եմ՝ նվազագույնը ինչ կարող էին անել, իսկ զինվորական դատախազի հետ հանդիպումը տեղի կունենա վաղը»,- ասաց Նորայր Նորիկյանը։
comment.count (0)