Հրդեհված կացարանում վառարանը վառելու համար գնդի հրամանատարի թույլտվությունը եղե՞լ է, թե՞ ոչ․ ՔԿ-ն հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալ է համարում
14:10 - 30 մարտի, 2023

Հրդեհված կացարանում վառարանը վառելու համար գնդի հրամանատարի թույլտվությունը եղե՞լ է, թե՞ ոչ․ ՔԿ-ն հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալ է համարում

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն այսօր ժամը 15:00-ին հանդիպելու են ՀՀ զինվորական դատախազի հետ, այս մասին հայտնում է հրդեհից տուժածների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

Տարեսկզբին՝ հունվարի 19-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում վառարանը ավտոբենզինով վառելու հետեւանքով հրդեհ էր բռնկվել, զոհվել էր 15 զինծառայող։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հաղորդել էր, որ  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի անձանց մահ։ Այս քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ․Մ․-ի, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե․Հ․-ի, ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի, ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։ 

Մինչ օրս բազմաթիվ հարցեր են առաջ քաշվել, որոնց պատասխանները դեռեւս չկան, այդ թվում՝ ինչո՞ւ չի պահպանվել վառարանը վառելու կարգը, ինչո՞ւ է վառարանը վառվել ավտոբենզինով, արդյոք համապատասխան վառելիք չի՞ եղել կացարանում, ովքեր են պատասխանատուները, եւ այսպես շարունակ։ Քննարկումներից մեծ մասի առանցքում եղել է նաեւ այն պնդումը, որ 20:00-ից հետո վառարանը վառելն արգելվում էր։ Միայն թե մի դրվագ այստեղ աչքաթող է արվում։

Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի հոդված 197-ում ասված է. «Վառարանները վառելը պետք է ավարտվի ժամը 20-ից ոչ ուշ: Ուսումնական եւ ծառայողական շինություններում վառարանների վառելը կատարվում է առավոտյան եւ պետք է ավարտվի պարապմունքները (աշխատանքները) սկսվելուց մեկ ժամ առաջ: Այն շինություններում, որտեղ ջերմաստիճանը հոդված 196-ում սահմանված նորմերից ցածր է, գնդի հրամանատարի թույլտվությամբ կարելի է շարունակել վառարանները վառելը»:

Infocom-ը մարտի 6-ին գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե արդյոք ժամը 20-ից հետո հրդեհված կացարանում վառարանը վառելու համար գնդի հրամանատարի թույլտվությունը եղե՞լ է, թե՞ ոչ։ Միայն մարտի 22-ին օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ Կոմիտեից գրավոր պատասխանել են, որ մեր հայցած տեղեկությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալ։ (Ավելի վաղ նույն հարցադրումն արել էինք ՊՆ-ին, սակայն առաջարկել էին դիմել նախաքննական մարմնին

Մինչ ՔԿ դիմելը հրդեհի օրը՝ հունվարի 19-ին, ՀՀ Պաշտպանության նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ վերջին մեկ տարվա ընթացքում (2023թ. հունվար ամիսը ներառյալ) ՀՀ զինված ուժերի զորամասերին եւ ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերի կացարաններին ջեռուցման համար վառելիքի ի՞նչ տեսակներ են հատկացվել։

Պաշտպանության նախարարությունը օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտմամբ փետրվարի 3-ի պատասխանում պարզապես հղում է արել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքին՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ շինություններում ջեռուցման գործընթացքը կարգավորվում է օրենքի 195-200-րդ հոդվածներով։ Սակայն նշված հոդվածները մեր հարցերի պատասխանները չեն բովանդակում, դրանք վերաբերում են ջեռուցման շրջանի սկբին ու վերջին, շինությունների ջերմաստիճանին, վառարանները վառելու ժամին, կարգին, ջեռուցման շրջանի ավարտից հետո նախատեսվող աշխատանքներին, եւ այլն։ Միայն 199-րդ հոդվածում ասված է, որ արգելվում է վառարանը վառելու համար օգտագործել հեղուկ վառելանյութեր, առանց հսկողության թողնել վառվող վառարանները, վառելիքը չորացնել վառարաններում կամ նրանց կողքին եւ այն պահել բնակելի շինություններում, ինչպես նաեւ փայտ կոտրել ու սղոցել շինություններում, միջանցքներում եւ սանդուղքների վրա։

Ուստի եւս մեկ անգամ դիմել ենք նախարարությանը՝ խնդրելով ըստ էության պատասխանել հարցադրումներին։ Փետրվարի 7-ին ուղարկված հարցմանը ՊՆ-ն դարձյալ պատասխանել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ փետրվարի 20-ին։

Այս անգամ պատասխանում ասված է, որ ՀՀ ԶՈՒ զորամասերին վերջին մեկ տարվա ընթացքում ջեռուցման համար հատկացվել է էլեկտրաէներգիա, բնական գազ, ածուխ եւ վառելափայտ։ Մարտական դիրքերի կացարանների ջեռուցման համար հատկացվել է էլեկտրաէներգիա, վառելափայտ, ածուխ, փայտե բրիկետ եւ դիզվառելիք։

Լուսանկարի աղբյուրը՝ armradio.am

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել