Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն ու մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Փաշինյան
11:12 - 30 մարտի, 2023

Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն ու մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի սկզբում անդրադարձավ անցյալ շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները։ Նրա խոսքով Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Փաշինյանն ընթերցեց ՌԴ ՊՆ-ի տեղեկագիրը դեպքի վերաբերյալ։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի պահանջը բացելու Լաչինի միջանցքը․ «Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով։ 2054 բարձունքից [գրավված բարձունքը՝ խմբ․] Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն ու մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։ Ադրբեջանը սա բացատրում է իբր թե ՀՀ-ից ԼՂ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումներով։ Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է․․․»։

Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, ԼՂ-ում բանակ չունի՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ինքն է մերժել այս փաստը ստուգելու համար ԼՂ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու առաջարկը և հաստատելով, որ այն ուժի մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել