ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում Ընտրական օրենսգրքի խախտումների մասին
16:11 - 30 մարտի, 2023

ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում Ընտրական օրենսգրքի խախտումների մասին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սիսիանի նախընտրական շտաբից հաղորդագրություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ 

«26.03.2023 թ․-ի Սիսիան համայնքի ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանը նույն ընտրություններին մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում էր ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներին համապատասխան, այն է՝ դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ը:

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ թիվ 34 ԸԸՀ-ը օրենքով սահմանված կարգով դիմումը ստացել և վարչական վարույթ հարուցել էր 24.03.2023 թ-ին (մտից համար 42):

ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանի դիմումի հիմքով նշանակվել էր հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 25.03.2023 թ-ին ժամը 11.40-ին:

Նշանակված նիստը մեկնարկել է ուշացումով՝ ժամը 11.48-ին: Նիստի օրակարգը հաստատելուց և ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցչի դիմումի մասին հանձնաժողովի նախագահի տեղակալի զեկուցումից, այսինքն՝ դիմումատուի իրավական դիրքորոշումը և պահանջը ներկայացնելուց հետո, ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Վ. Բալյանը քննարկվող հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ է արել: Ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընդմիջում 5 րոպեով, որը, տեսագրությամբ ապացուցվում է, տևել է 12։19-ից մինչև 12։40:

Պայմանական ընդմիջման ընթացքում ընտրական հանձնաժողովի անդամներն ըստ էության որևէ կերպ չեն մասնակցել որևէ քննարկման, տեսագրության մեջ հստակ երևում է՝ ով և ինչպես է պատրաստել որոշումը։ Նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով ներկա ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը հանձնաժողովի նախագահին փոխանցում է փաստաթուղթ, որի բովանդակությանը հանձնաժողովի որևէ անդամ չի ծանոթանում, և առանց կարդալու  քվեարկում են:

Թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ ընդունում է 16-Ա որոշումը ժամը 12.45-ին, չնայած ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումը ընտրական հանձնաժողովը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի Սիսիան համայնքներում ավագանու ընտրւթյուններ էին: Սիսիանում առաջադրվել էր 3՝  Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Երկու համայնքներում էլ ՔՊ-ն ստացել է առավելագույն քվեներ:

Ընտրության օրը Սիսիանում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնել են. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։ 

Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով։ Իսկ ավելի ուշ ՔՊ-ն հայտնել է, որ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել