«Մոտեցավ ինձ, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»․ Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
17:49 - 31 մարտի, 2023

«Մոտեցավ ինձ, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»․ Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը անդրադարձել է իր և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև այսօր տեղի ունեցած միջադեպին։ 

Վարդանյանը նշել է՝ փակ քննարկումն ընթացել է նորմալ հունով, ապա նիստի բնականոն ընթացքը խանգարվել է, իսկ ինքը փորձել է պատգամավորներին հորդորել վերադառնալ բուն քննարկմանը եւ սրանով ավարտել։

«Հետո պարոն Մհեր Սահակյանն ասաց՝ Դուք, չեք կարա մեր վրա ձայն բարձրացնեք, ասացի՝ ես նիստը վարում եմ եւ շարունակում եմ վարել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Սահակյանը կրկնել է, թե ինքը չի կարող ձայն բարձրացնել։

«Մոտեցավ ինձ, որտեղ կանգնել էի, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»։

Նա նշեց՝ քայլ չի արել դեպի պատգամավորը, իսկ միջադեպն, ըստ էության, տեւել է 1 րոպե․ «Ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները»։

Հարցին, թե պատգամավորի ձեռքին կա՞ր որեւէ բան, որով էլ հարվածել է, Վարդանյանն ասց, որ այս պահին չի կարող ասել․ դատաբժշկական փորձաքննություն դեռ չի եղել, բայց հարվածը նման է գործիքով հասցված վնասվածքների։

«Վիրավորական բնույթի որեւէ արտահայտություն ոչ մեկի վերաբերյալ ինձ թույլ չեմ տվել ոչ հիմա, ոչ այլ նիստերի։

Պարոն Մինասյանը, Գեղամ Նազարյանը, որը նաեւ իմ աշխատասենյակում էր, ասում էր՝ շատ վատ բան ստացվեց, ինչի սենց բան արեց, եւ ես հիմա մամուլում տեսնում եմ հրապարակումներ, թե ես եմ նախահարձակ եղել, պրովակացիա արել, սրանք ոչ հարիր մանիպուլյացիաներ են, որոնք ինձ համար անընդունելի են»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը դիմել է հիվանդանոց դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։ 

Իսկ ՔԿ-ից հայտնել են, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել