Հանձնաժողովը քննարկել է ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցը
15:57 - 03 ապրիլի, 2023

Հանձնաժողովը քննարկել է ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցը

Ես ստացել եմ Կառավարության առաջարկությունը նախագծի վերաբերյալ եւ այն փաստարկը, որ երկարատեւ ժամկետով Մարդու իրավունքների պաշտպան չընտրելը կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Կառավարության առաջարկության մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող ժամկետի փոփոխությունը թուլացնում է ՄԻՊ-ի թափուր պաշտոնի մնալու դեպքերի նվազագույն երաշխիքները: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 3-ին հանձնաժողովի նիստի ընթացքում ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովի նախագահի խոսքով իր այս նախաձեռնությունը նպատակ չի հետապնդում լուծել ՄԻՊ ընտրություն հնարավորինս շուտ ացկացնելու հարցը, այլ նպատակը ժամկետներում իրավական որոշակիություն ապահովելն է:

Թագուհի Թովմասյանի խոսքով Սահմանադրությունը սահմանել է եռամսյա ժամկետ ԱԺ-ի կողմից ՄԻՊ-ի պաշտոնի ընտրության համար, որից հետո մինչեւ ԱԺ-ի կողմից նրա ընտրությունը ՀՀ նախագահը սահմանված կարգով նշանակում է ՄԻՊ-ի պաշտոնակատար:

Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկում է  համապատասխան փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 145 հոդվածում` նախատեսելով, որ ՄԻՊ-ի ընտրությունը կանցկացվի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում սահմանված մեկամսյա ժամկետում: Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ մայր օրենքում սահմանված է ՄԻՊ-ի ընտրության եռամսյա ժամկետ, որը գործելու է որպես բարձրագույն իրավական ուժ ունեցող, Սահմանադրությամբ սահմանված կարգավորում` անկախ նրանից, թե ինչ կարգավորում է նախատեսվում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում համապատասխան եռամսյա ժամկետը մեկ ամիս դարձնելով չի ամրապնդում պաշտոնի թափուր մնալու նվազագույն երաշխիքները: «Առավել տրամաբանական է եւ գործնականում կիրառելի, երբ Սահմանադրությանը համահունչ եռամսյա ժամկետը լինի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում»,- ասել է նա:

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է. «Փաստացի Սահմանադրությունը եռամսյա ժամկետ այլ կերպ չի սահմանում ՄԻՊ նշանակելու համար: Սահմանադրությունը սահմանում է նախագահի լիազորությունը` նշված պաշտոնը թափուր մնալու դեպքում այն եռամսյա ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարով փոխարինելու, ինչը չի բացառում ԱԺ-ի կողմից` ՄԻՊ հետագայում առաջադրելու եւ ընտրելու»:

Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում նշված մեկամսյա ժամկետը վերաբերելու է ոչ թե հենց այդ ժամկետում ընտրության կազմակերպմանը, այլ նրան, որ այն պետք է անցկացվի մեկամսյա ժամկետում, ինչը երաշխավորում է ՄԻՊ-ի պաշտոնը հնարավորինս սեղմ ժամկետում նշանակումն իրականացնելու եւ թափուր պաշտոնը չունենալու հնարավորությունը:

«Փաստացի մենք չունենք հակասություն Սահմանադրության 138-րդ հոդվածի եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի միջեւ, ինչպես նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի միջեւ: Անհրաժեշտություն կա «ԱԺ կանոնակարգ» օրենքը համապատասխանեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքին եւ նախատեսել հնարավորություն` մեկամսյա ժամկետում ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը:

Ըստ Արմենուհի Հարությունյանի` Կառավարությունը կարծում է` անհրաժեշտ է ոչ թե ավելացնել, այլ պահպանել մեկամսյա ժամկետը եւ հնարավորություն տալ ԱԺ-ին սահմանված ժամկետում ընտրություններ իրականացնելու: «Մենք իսկապես խնդիր ենք տեսնում դրանում այն առումով, որ չենք ցանկանում ավելի երկարաձգել այդ ընթացքը, այլ  հակառակը` ցանկանում ենք հնարավորություն տալ խորհրդարանին ամեն ամիս առաջարկելու որեւէ թեկնածու եւ անցկացնել ընտրություններ, ինչը նախատեսված է օրենքով»,- ասել է նա:

Արձագանքելով Կառավարության ներկայացուցչին` Թագուհի Թովմասյանը նշել է, որ երբ առաջարկում են մեկ ամիսը դարձնել երեք ամիս, ձեւակերպում են, որ հրաժարականից մեկ օր հետո մինչեւ երեք ամիս ժամկետում խմբակցությունները կարող են առաջարկել թեքկածու: Նրա խոսքով այս պահին խախտվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը:

Հարակից զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ նշել է. «Խմբակցությունում մենք քննարկել ենք ու նախատեսում ենք համապարփակ փոփոխություններ իրականացնել օրենքում եւ այդ պատճառով համամիտ ենք Կառավարության տեսակետի հետ»:

Նախագծի հեղինակի կողմից Կառավարության առաջարկությունը ընդունելի չէր, նախագիծը դրվել է քվեարկության Թագուհի Թովմասյանի առաջարկած տարբերակով, որը սակայն չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:

Հանձնաժողովը հետաձգել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթի քննարկումը` հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի խնդրանքով:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել