ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել «իներցիայով արված» գործողություններ. Վահագն Հովակիմյան
 |tert.am|
18:51 - 05 ապրիլի, 2023

ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել «իներցիայով արված» գործողություններ. Վահագն Հովակիմյան |tert.am|

tert.am: Այսօր՝ ապրիլի 5-ին, մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունների՝ դատական կարգով բողոքարկման վերջին օրն է, և այս պահի դրությամբ բողոքարկում առկա չէ: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը կարևորեց ՏԻՄ ընտրություններում ուղիղ ժամանակային ռեժիմում առաջին անգամ կիրառված ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային հեռարձակումը։

Ըստ Վահագն Հովակիմյանի, այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել, որպես «իներցիայով արված» գործողություններ։ Նա թվարկեց դեպքեր, երբ ընտրական գործընթացներում ներգրավված անձինք, ճիշտ է, չեն խախտել Ընտրական օրենսգրքի պահանջները, ընտրատեղամասերից 100 մետր հեռավորության վրա կանգնելով, սակայն տեղամասերից որոշակի հեռավորությամբ կուտակումները ինքնին ահազանգերի առիթ են դարձել։ Հովակիմյանի խոսքով՝ այդ միջադեպերը արժանացել են ընտրատեղամասերի տարածքներում հերթապահություն իրականացնող ԿԸՀ անդամների գնահատականին, և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացների վրա ազդեցություն չեն ունեցել։

Նախընտրական քարոզչության ընթացքում դեպք է արձանագրվել, երբ թիվ 34 ԸԸՀ-ն խնդիր է նկատել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառների փակցնելու ընթացքում, ինչի արդյունքում նշված հանձնաժողովը պահանջել է, որ դրանք հեռացվեն՝ չնայած որ դրանք տեղադրված են եղել գովազդային վահանակի վրա։

Անդրադառնալով լրագրողի հարցին, որ ընտրության օրը քաղաքական ուժերից մեկն ընտրակաշառքի մասին հայտարարությամբ է հանդես եկել, սակայն որևէ հիմնավոր փաստ չի ներկայացրել, Հովակիմյանը հիշեցրեց, որ այդ հարցն իրավապահների տիրույթում է։ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրակաշառքի վերաբերյալ ցանկացած հաղորդում քրեաիրավական բնույթի տարրեր է պարունակում։ Ապա ընդգծեց, որ այդ լուրից անմիջապես հետո գլխավոր դատախազությունն է հաղորդագրությամբ հանդես եկել, որ բոլոր նման լուրերը քննվելու են։

«Ես լիահույս եմ, որ դատախազությունը մինչև վերջ հետամուտ կլինի, և առհասարակ մեր իրավապահ մարմինները նման դեպքերի հետ կապված հետաքննություն կիրականացնեն, եթե հարկ կլինի նաև նախաքննություն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում համացանցային ԶԼՄ-ների վրա կիրառվող օրենսդրական սահմանափակումների մասին հարցին, ԿԸՀ նախագահն ասաց, որ համացանցային ԶԼՄ-ների դեպքում միակ օրենսդրական պահանջն է, որ ընտրությունների բոլոր մասնակիցների նկատամամբ ոչ խտրական պայմաններ լինեն։ Հովակիմյանը սակայն ընդգծեց, որ դա չի կարող վերաբերել ԶԼՄ հրապարակումների բովանդակությանը։

«Եթե որևէ մեկնաբանությամբ որևէ պետական մարմին կամ քաղաքական գործիչ իրավունք ստանա միջամտել ԶԼՄ-ների հրապարակումների բովանդակությանը, թե օրինակ ինչու ես քննադատում կամ ինչու չես քննադատում, դա կլինի արդեն գրաքննություն, բայց միևնույն ժամանակ ԶԼՄ-ները պետք է գիտակցեն, որ լռության օրը քարոզչություն կամ հակաքարոզչությունն արգելվում է։ Վատ է, որ որոշ ԶԼՄ-ներ այս կանոնը չեն պահպանում»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել