Տեղ-Կոռնիձոր հատվածում 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են․ Նիկոլ Փաշինյան
11:20 - 06 ապրիլի, 2023

Տեղ-Կոռնիձոր հատվածում 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից փակմանն ու դրա հետևանքներին, ինչպես նաև ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը միջանցքում տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահներն ապրիլի 4-ին փորձել են Գորիսից Ստեփանակերտ տեղափոխել 27 քաղաքացիների, այդ թվում ՝ կանանց և ծերերի։ Սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը Լաչինի միջանցքի` իրենց կողմից փակված հատվածում: Ադրբեջանցիների միջամտության հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը կորցրել են գիտակցությունը, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց:

GՆախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ: Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները, և այդ գնահատականներն առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար: Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային, դիվանագիտական ջանքերը:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի էր ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում ՀՀ–Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց սահմանի պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ 

«Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ԱԱԾ-ի հաղորդագրությունը «քարտեզների տարընթերցումների մասին»։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ համաձայն պայմանավորվածության՝ ապրիլի 1-իից Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը (Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող նոր ճանապարհը՝ խմբ․) շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը զբաղվելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությամբ։ Նշենք, որ մինչ այդ գործում էր ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։ Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել։ 

«Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի, մեր գնահատականի ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մ առաջ՝ ՀՀ տարածքում։ Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, մոր երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Մասնավորապես՝ 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց տրամադրվածությունը շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը։

Նա հույս հայտնեց, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։

«Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել