2026 թվականի հունիսի 7-ին անցկացվելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններ։
ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, ըստ որի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը:
Կուսակցությունները, դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում են ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը, ժամը 18:00: Կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը, ժամը 18:00-ն: Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին հերթական համարները ԿԸՀ-ն վիճակահանությամբ տրամադրում է մինչև մայիսի 3-ը:
Պատգամավորի թեկնածուները, կուսակցությունները, դաշինքների մաս կազմող կուսակցությունները իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր ԿԸՀ ներկայացնում են մինչև մայիսի 13-ը:
2026 թվականի ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ:
Նախնական տվյալներով՝ Երևանում ընտրելու իրավունք ունի 843 հազար 278 անձ, մարզերում՝ 1 մլն 645 հազար 753:
2026 թվականի ապրիլի դրությամբ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» եւ այլն։ Ապրիլի դրությամբ ընտրություններին չմասնակցելու մասին են հայտարարել Հանրապետական կուսակցությունը, Ժառանգություն կուսակցությունը եւ այլ կուսակցություններ։
Եթե ձեզ հետաքրքրում են նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացներին վերաբերող թեմաներ, բաժանորդագրվեք armVote by Infocom (https://t.me/armVote) տելեգրամյան ալիքին, որտեղ նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ դրան հաջորդող շրջանում ձեզ օպերատիվ եւ անաչառ կերպով կիրազեկենք ընթացիկ զարգացումների մասին։