«Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթաց նպատակն է կրթել լրագրողների նոր սերունդ, որը կկարողանա գիտությունն ու տեխնոլոգիաները ներկայացնել ոգևորիչ, գրագետ ու մատչելի լեզվով։ Այս մասին հայտնում է «Գիտուժ» նախաձեռնությունը։
«Սա հնարավորություն է ոչ միայն սովորելու՝ ինչպես պարզ ու հետաքրքիր ձևով պատմել բարդ և կարևոր երևույթների մասին, այլև զարգացնելու քննադատական մտածողությունը և նպաստելու գիտելիքի վրա հիմնված հանրային քննարկումների ձևավորմանը Հայաստանում։
Ի՞նչ է սպասվում դասընթացի ընթացքում.
■ Լավագույն մասնագետների փորձը
Դասընթացի ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները կկիսվեն իրենց տեսական գիտելիքներով և գործնական փորձով։ Այս տարի մեր դասախոսական կազմին միացել է նաև միջազգային գիտական լրագրող, որի հոդվածները տպագրվում են Scientific American, New Scientist, Retraction Watch, Medscape և այլ հեղինակավոր պարբերականներում։
■ Գործնական հմտությունների զարգացում
Դուք կսովորեք գրել ազդեցիկ և խորքային պատմություններ, իրականացնել բովանդակային հարցազրույցներ մասնագետների հետ, վերլուծել և վիզուալիզացնել տվյալներ, սովորել ԱԲ(AI) գործիքներ և մուլտիմեդիա հմտություններ։
■ Գրագետ և գրավիչ լուսաբանում
Դուք կսովորեք, թե ինչպես ներկայացնել գիտական և տեխնոլոգիական բարդ թեմաները պարզ, հետաքրքիր ու հասանելի ձևով՝ միևնույն ժամանակ պահպանելով դրանց խորությունն ու բովանդակային արժեքը։
■ Վարպետության դասեր
Կմասնակցեք ինտերակտիվ վարպետության դասերին, որոնց ընթացքում կզարգացնեք ձեր մասնագիտական կարողություններն ու ստացած գիտելիքը կկիրառեք իրական գործնական առաջադրանքներում։
■ Մենթորական աջակցություն
Դասընթացի ավարտին կմշակեք և կիրականացնեք ձեր սեփական նախագիծը՝ ստանալով անհատական աջակցություն փորձառու մենթորից։
■ Համայնքային կապեր
Դուք կմտնեք Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքների ներսը՝ ծանոթանալով դրանց ներուժին, մասնագիտական ուղղություններին և առկա մարտահրավերներին։
Դիմի՛ր «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացին՝ լրացնելով հետևյալ հարցաշարը։ Դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 20, 2025։
Դասընթացն անվճար է։
Դուք կարող եք դառնալ այն փոփոխությունը, որը ցանկանում եք տեսնել հայկական լրատվական դաշտում։ Միացե՛ք մեզ և ձևավորե՛ք գիտական և տեխնոլոգիական լրագրության ապագան Հայաստանում։
Դասընթացը կազմակերպվում է «Գիտուժ» նախաձեռնության, ISTC հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի կողմից։ Դասընթացի գլխավոր գործընկերն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)»,- նշված է հաղորդագրության մեջ։