armtimes.com: ՀՀ վարչական դատարանում դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ այսօր կայացել է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին  հրամանագրերը: Նա հայցադիմումը դատարան է ներկայացրել 2019 թվականի նոյեմբերին, եւ այս ամիսների ընթացքում նշանակված դատական նիստը կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվել էր:

Հայ ազգային կոնգրեսի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ջհանգիրյանն այսօրվա նիստին չի մասնակցել, տեղի է ունեցել նախնական դատական նիստ, որի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրել է հայցադիմումի առարկան, հիմքերը: Հիմնավորումները, ըստ Խաչատրյանի, ծավալուն են, սակայն հիմնականն այն է, որ նախագահը, որպես այդպիսին, չի ունեցել լիազորություններ այդ երկու հրամանագրերը ստորագրելու. «2008 թվականին գործող Սահմանադրության 55-րդ հոդվածը սպառիչ թվարկում է նախագահի լիազորությունների սահմանը, որոնց մեջ մտնում է կոչումներ շնորհելը, բայց դրանցից զրկելու վերաբերյալ որեւէ բան գրված չէ, այսինքն՝ նախագահին տրված չէ լիազորություն՝ անձին կոչումից զրկելու, եւ որպես այդպիսին, նման անձ էլ չկա. դասային աստիճաններից, պարգեւներից, կոչումներից անձը կարող է զրկվել բացառապես դատարանի որոշմամբ»:

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելուն, այս դեպքում, ըստ Խաչատրյանի, խաթարվել են իրավական գործընթացները. «Որպեսզի նախագահը լիազորված լիներ Գլխավոր դատախազի տեղակալին աշխատանքից ազատել, ապա այն ժամանակ գործող «Վարչական վարույթի եւ վարչարարության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ պետք է ապահովված լինեին բոլոր վավերապայմանները տեղակալին աշխատանքից ազատելու համար, էթիկայի հանձնաժողովի իրավաչափ որոշում պետք է լիներ, որը այս դեպքում չի եղել, կամ որոշումը իրավաչափ չի եղել, որից հետո պետք է նորից որոշակի գործընթաց լիներ»: Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ «Դատախազության մասին» օրենքով՝ որպես տույժ կարող էր նաեւ կիրառվել դասային մեկ աստիճանի իջեցում, այլ ոչ թե ամբողջությամբ զրկում, բայց դա էլ պիտի արվեր դատարանի որոշմամբ:

Նշենք, որ պատասխանող կողմն այսօրվա դատական նիստին չի մասնակցել. «Պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել, որքանով հասկացանք, հայցին չեն պատասխանել կամ չեն առարկել, ամեն դեպքում, հաջորդ դատական նիստին կսկսվի բուն դատաքննությունը, մենք կներկայացնենք ապացույցները, փաստական հանգամանքները, գլխավորը դեռ առջեւում է».- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ հաջորդ նիստի օրվա վերաբերյալ դեռեւս չեն ծանուցվել:

Ավելին՝ Armtimes.com-ում։