Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, շնորհակալություն է հայտնել Կալիֆոռնիա այցելության համար։ Իր հերթին, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի հայկական համայնքը, որն առավելապես ներկայացված է Կալիֆոռնիայում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆոռնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով։Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանյան տնտեսության մեջ իր դիրքերն էականորեն ամրապնդել է բարձր տեխնոլոգիական ոլորտը, և քանի որ այդ բնագավառի մի շարք խոշորագույն ընկերություններ ներկայացված են հենց Կալիֆոռնիայում՝ «Սիլիկոնային հովտում», անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանի և Կալիֆոռնիայի համագործակցությունը։Հանդիպման ընթացքում նահանգապետ Գեվին Նյուսըմը հետաքրքրվել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացումներով և մասնավորապես Քովիդի համավարակի և համավարակին հաջորդած շրջանում պետության կողմից իրականացված միջոցառումներով։Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ համավարակային ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք հնարավորություն են տվել երկրի տնտեսությանն արագորեն վերականգնվել հետքովիդյան շրջանում։Նախագահը շեշտել է, որ նման ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման արդյունքում։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը, ի դեմս Գեվին Նյուսըմի, շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ բարձր ղեկավարությանը ժողովրդավարության ամրապնդմանն ու ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է թեժ հակամարտություններն օր առաջ խաղաղ բանակցային ուղիներով հարթելու և լուծումներ գտնելու հրամայականը։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին, վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Հայաստանի հաստատակամությունն ու միանշանակ դիրքորոշումը, ինչի արտահայտությունն է նաև ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ իրականացվող սահմանազատման գործընթացը։Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության ընդլայնման համար։
15:18 - 09 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սիլիկոնային հովտում» այցելել է «Սինոփսիս» ընկերություն։Ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սասին Ղազիի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երկու տասնամյակ բարձր տեխնոլոգիաների, կրթության, սոցիալական և այլ ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունն ու հայաստանյան կողմի հետ արդյունավետ համագործակցությունը։Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Սինոփսիսը մեզ շատ կարևոր օգնություն է ցույց տվել բերելով նորարական շունչ, նոր աշխատելաոճ և գործունեության արդիական սկզբունքներ։Մի կարևոր հանգամանք եմ ցանկանում շեշտել, «Սինոփսիսի» բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ինստիտուցիոնալ և համակարգային հիմք ունեն և այդ պատճառով է նաև, որ ընկերությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում կրթության նկատմամբ մեծ ներդրումներ անելով այս բնագավառում։Մենք հույս ունենք, որ ձեր օրինակը վարակիչ կլինի ոլորտի այլ ներկայացուցիչների համար ևս: Հուսանք նաև, որ մեր ջանքերի մեկտեղման արդյունքում, մեր կրթական համակարգը կկարողանա բավարարել նաև ոլորտում առկա պահանջարկը և փոխադարձաբար «Սինոփսիսի» օրինակով մեր կրթական համակարգն էլ կբարեփոխվի:Ցանկանում եմ նաև իմ գնահատանքի խոսքը հղել այն սոցիալական և հումանիտար գործունեության համար, որն իրականացնում է «Սինոփսիսը» և այդ կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սինոփսիսին» և բոլոր այն կազմակերպություններին, որոնք ձեռք մեկնեցին և իրենց նպաստը բերեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հումանիտար աջակցության գործում»։Ընկերության նախագահ Սասին Ղազին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատանքի համար նշել է, որ շատ բարձր և արդյունավետ է գնահատում «Սինոփսիսի» և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված կայուն և զարգացող համագործակցությունը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև կրթության, գիտության և հարակից այլ ոլորտներում։Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության նշանակալի արդյունք է։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում առկա ձեռքբերումներին, ընթացիկ ու ապագա ծրագրերին և փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությունների։Կողմերը կարևորվել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և հայաստանյան կրթական հաստատությունների միջև տեսական և կիրառական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և վերջիններիս արդյունքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ուղղված քայլերն ու տնտեսական բարեփոխումներն ու միջոցառումներն իրենց անմիջական դրական ազդեցությունն են ունեցել գործարարության համար առավել նպաստավոր միջավայր ձևավորելու և ներդրումների խթանման համար։Նախագահը նաև հավելել է, որ այսօրինակ դրական տեղաշարժերը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը հավելյալ հնարավորություն են և նպաստավոր պայմաններ են ստեղծում ոլորտային ներդրումների ակտիվացման համար։Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Սասին Ղազիին փոխանցել է հնարավորության դեպքում Հայաստան այցելելու հրավեր, ինչի համար լավ առիթ կարող է լինել նաև ընթացիկ տարում նախատեսվող «Սինոփսիս Արմենիայի» հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շարքը։
14:54 - 09 մայիսի, 2024
Մայիսի 9-ի խորհուրդը ռազմական հաղթանակով չի սահմանափակվում․ Վահագն Խաչատուրյան

Մայիսի 9-ի խորհուրդը ռազմական հաղթանակով չի սահմանափակվում․ Վահագն Խաչատուրյան

Մայիսի 9-ի խորհուրդը միայն ռազմական հաղթանակով չի սահմանափակվում, այն նախևառաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։ Նա շեշտել է, ոչ 79 տարի առաջ ֆաշիզմի դեմ մարդկության տարած հաղթանակում հայ ժողովուրդն ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։ Խաչատուրյանի խոսքով՝ մեր ժողովուրդն իր պատմական փորձից ելնելով՝ շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը: «Այսօր, երբ մեր պետությունը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների և փորձությունների եզրագծին, Երկրորդ համաշխարհային ու Արցախյան պատերազմում զոհված մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների հիշատակի առաջ մեր պարտքը, պարտականությունն ու պատասխանատվությունն է` անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը, ազատությունը, հաստատել խաղաղություն մեր երկրի և ժողովրդի համար, և իհարկե, ջանք ու եռանդ չխնայել մեր պետության ամրապնդման ու հզորացման գործում»,- նշված է նախագահի ուղերձում։ Նա խաղաղություն ու բարգավաճում է մաղթել մեր պետությանը, քաջառողջություն՝ վետերաններին, և հավերժ փառք՝ զոհված հայորդիներին։
12:29 - 09 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։Նախագահն իր ներածական խոսքում հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները։ Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը՝ նկատի ունենալով, որ հանդիպմանը ներկա համայնքի ներկայացուցիչների աշխատանքային գործունեությունն առնչվում է հենց այդ բնագավառին:Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը:Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է իր այցի նպատակներին, այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու քննարկումներին, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին, ինչպես նաև խոսել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։
19:53 - 08 մայիսի, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ

 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն, ի թիվս այլ արտադրական ընկերությունների, այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան:Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է արտադրամասերով, ծանոթացել ընկերության գործունեությանը, տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին: «Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել գործարանի տնօրինության հետ: Քննարկվել են ընկերության զարգացման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու վերջիններիս լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել գործարանի առաջիկա նախաձեռնություններին և ծրագրերին: Հանրապետության նախագահն ընդգծել է խոշոր արդյունաբերական ձեռնարկության բնականոն գործունեության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ըստ աղբյուրի՝ այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»: Հանրապետության նախագահը շրջել է ֆաբրիկայի արտադրամասերով և ծանոթացել ոսկյա և արծաթյա զարդերի արտադրության ամբողջական ցիկլին՝ սկսած ձուլակտորների մշակումից մինչև վերջնական արտադրանքի ստացում: Նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ֆաբրիկայում կիրառվող էկոլոգիական պաշտպանության համակարգերին և նորագույն տեխնոլոգիական լուծումներին: Նշվում է, որ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» այցելությունից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, որտեղ աշխատանքային քննարկում է ունեցել ընկերության տնօրինության հետ:«Սինոփսիս Արմենիա»-յի տնօրեն Հովիկ Մուսայելյանը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել կազմակերպության ընթացիկ ծրագրերի և գործունեության վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում ընկերության ձեռքբերումներին և հաջողություններին, ինչպես նաև քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը կարևորվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների և հայաստանյան բարձրագույն կրթական հաստատությունների գործառնական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Ռուսալ Արմենալ», «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ կատարած շրջայցերի արդյունքներն ամփոփել է համառոտ ճեպազրույցով: «Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում հատկապես վերամշակող արդյունաբերությանը և արդյունաբերության մեջ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշռին: Համաձայն հունվար-փետրվար, հունվար-մարտ ժամանակահատվածի թվերի՝ այդ բնագավառում 30 տոկոս տնտեսական աճ է եղել: Այդ արդյունաբերության մեջ տնտեսական աճի հիմնական ապահովող ճյուղը ոսկերչությունն ու ադամանդագործությունն է: Նաև կարևոր է արտադրական կարողությունների նկատմամբ հետաքրքրությունը, թե ինչքանով ենք մենք պայմաններ ստեղծել տնտեսության մեջ, որպեսզի ներդրումներ կատարվեն հենց կոնկրետ արտադրության մեջ»,- նշել է նախագահը:  
21:04 - 30 ապրիլի, 2024
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին

Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին

 Տավուշում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել։ Հիմա եկել է ժամանակը, և ՀՀ իշխանությունները գնալու են այդ ուղղությամբ։ Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նաև նշել է. «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է»։Նախագահը հավելել է, որ շատ դեպքերում իշխանությունը չի կարող բանակցային գործընթացից մանրամասներ ներկայացնել սահմանազատման հատվածում գտնվող գյուղերի բնակիչներին, քանի որ դա կարող է խանգարել վերջնական լուծմանը։«Բայց վստահեցնում և հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։«Նախկինում, ցավոք սրտի, մենք խնդիրները թողնում էինք ապագային և նույնիսկ հրապարակային էինք այդպես հայտնել մի քանի անգամ։ Հայտնի մի այսպիսի թեզ կար, երբ խոսքը վերաբերում էր Ղարաբաղի խնդրի չլուծմանը՝ «100 տարի էլ կարող ենք այսպես ապրել»։ Տեսանք, որ 100 տարի չի լինում այդպես ապրել, որովհետև ժամանակները, իրավիճակները փոխվում են, և այն, ինչ այսօր կարելի է անել, վաղը չենք կարող։ Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել։ Հիմա եկել է ժամանակը, և մենք գնալու ենք այդ ուղղությամբ»,- շեշտել է նախագահը՝ քաղաքացիներին հորդորելով վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ ունեն նրանց զգացմունքների վրա խաղալ և իրականությանը չեն համապատասխանում։
20:52 - 30 ապրիլի, 2024
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ինչի ուղղությամբ աշխատանքներ է տանում Հայաստանի կառավարությունը։ Նախագահն այս առումով առանձնահատուկ կարևորում է նաև արաբական, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Վահագն Խաչատուրյանը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում։ «Ընդհանրապես բացթողում է եղել մեր կողմից, որ մեր արտաքին քաղաքականության խնդիրները չենք կարողացել կոնկրետացնել, և հիմա մենք իրականում գնում ենք մի այնպիսի ժամանակաշրջան, որ պետք է կարողանանք ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես  դեպի հարավ և հարավ-արևելք, օգտվել այն երկրների հնարավորություններից, որոնք մեզ շատ մոտ են, ընդամենը երկու ժամվա թռիչքային ճանապարհ են՝ առավելագույնը 1000-2000  կիլոմետր։ Եվ այդտեղ կա լուրջ ներդրումների հնարավորություն՝ կլինեն արաբական բոլոր երկրները, թե մեր հարևան երկրները։ Մենք այդտեղ պետք է շատ հետևողական աշխատանք կատարենք»,- ասաց նախագահը՝ կարևորելով Հայաստանը ներկայանալի դարձնելը։ Այդ համատեքստում Խաչատուրյանը կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը և հայաստանյան ներուժն արաբական երկրներում կիրառելի դարձնելը։ Նրա խոսքով՝ մասնավորապես Իրաքում մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ ՏՏ, ինչպես նաև արտադրական ծանր ու թեթև արդյունաբերություն ոլորտներում համագործակցելու։   Նախագահը նշեց, որ այժմ Իրաքը զբաղված է անվտանգային խնդիրների լուծմամբ, որից հետո, երբ այդ երկիրն ավելի գրավիչ կլինի, ՀՀ-ն չպետք է ուշանա համագործակցության հարցում։ «Չմոռանանք մեր հարևաններին էլ։ Նույն Թուրքիայի ուղղությունն էլ չմոռանանք, որովհետև իրականում վաղ թե ուշ սահմանը բացվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ չպետք է ապրել Թուրքիայի հետ սահմանի բացման հետ կապված վախերով, այլ անհրաժեշտ է լինել ավելի նախաձեռնող։  Խաչատուրյանի խոսքով՝ այդ ամենը կախված է տարածաշրջանային իրավիճակից, անվտանգությունից, իսկ խաղաղության հաստատումը բոլորովին այլ տեսակի հարաբերություններ կբերի։
18:13 - 30 ապրիլի, 2024
Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին:Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում և ենթակառուցվածքներում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և համապատասխան քայլեր է ձեռնարկում:Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին մանրամասն տեղեկատվության համար և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարության գործունեությանը:
19:45 - 29 ապրիլի, 2024
Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը

Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն եմ հայտում, որ այսօր մեզ հետ եք: Ամեն հայի համար Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը, առանձնահատուկ է: Եվ Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի վերաբերմունքն էլ յուրահատուկ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի՝ Ֆրանսիայում հաստատվելու, ինչպես նաև Ֆրանսիայի լիարժեք քաղաքացի դառնալու գործում: Մենք այդ աջակցությունը միշտ զգում ենք: Նաև վերջին 30 տարում մենք՝ որպես պետություն ենք գնահատում այդ վերաբերմունքը: Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել, բայց ես կարծում եմ՝ մեր բոլորիս պահանջը դրանից դուրս է և միտված է նման ոճրագործություններ կանխարգելելուն և թույլ չտալուն: Ցավոք, ներկայումս ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ Մենք՝ որպես պետություն հետևողական ենք այս հարցում և միջազգային հարթակներում շարունակում ենք ակտիվ նախաձեռնություններ ու ներգրավվածություն ցուցաբերել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով: Այս առումով գնահատելի է նաև ձեր, Ֆրանսիայի քաղաքական ուժերի և իշխանության գործունեությունը, որը վստահ եմ, ի վերջո, արդյունք տալու է»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ժան-Լյուկ Մելանշոնն ասել է. «Պարոն նախագահ, ինչպես գիտեք, հավանաբար, ինձ ուղեկցում է ծագումով հայ ֆրանսիացի պատգամավոր Սեբաստիան Դըլագյուն և մեր փոքր պատվիրակությամբ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ հստակ պատկերացնում ենք, թե ինչ պատիվ եք Դուք մեզ անում՝ ընդունելով մի ժամանակաշրջանում, երբ մեծագույն պատասխանատվություններ եք ստանձնում նաև անձամբ: Իմ ներկայությունը Հայաստանում մի ձև է վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում և Հայաստանի հանդեպ ուշադրությունը, որ գոյություն ունի վաղուց ի վեր: Սոցիալիստական շարժման հիմնադիր Ժան Ժորեսը դեռ 19-րդ դարի վերջին, այսինքն՝ ցեղասպանությունից դեռ շատ առաջ ահազանգում էր ֆրանսիացիներին՝ Օսմանյան սուլթանների բռնությունների վերաբերյալ և ասում էր, որ եթե այս պահին ֆրանսիացիները ոչինչ չանեն՝ շատ ավելի վատ կլինեն հետևանքները ոչ միայն հայերի, այլ նաև ֆրանսիացիների համար: Կցանկանայի, որ իմ այցը Հայաստան, և մասնավորապես այս բացառիկ պահը, երբ մենք հանդիպում ենք, առիթ ծառայի, որպեսզի Հայաստանը Ֆրանսիայի և Եվրամիության ուշադրության կենտրում հայտնվի ևս մեկ անգամ: Համենայն դեպս, գոնե նրանք, ովքեր կարևորում են իմ աշխատանքը, ում համար կարևոր են իմ գաղափարները գիտակցեն, որ Հայաստանը կարևոր է: Իրենց համար սա իհարկե բարդ առաքելություն է, բայց կարծում եմ նաև, որ այս պահը՝ Ձեր տրամադրած հանդիպումը, Ձեր ընդունելությունը, նաև կդյուրացնի մեր գործը»: Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի, ԵՄ-ի և Հայաստանի միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խթանման հնարավորություններին: Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող հակամարտություների կանխարգելման և խնդիրները միայն խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շրջանակում լուծման հրամայականը: Ֆրանսիացի քաղաքական գործիչն իր խոսքում բարձր է գնահատել նաև Հայաստանի և նրա իշխանությունների կողմից հարևանների հետ խաղաղություն ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն միտված հաստատակամ դիրքորոշումն ու քաղաքական խիզախությունը:
22:08 - 25 ապրիլի, 2024
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ |armenpress.am|

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն  ունեն նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնության կանխարգելման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար: Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև»,-  գրել է Վահագն Խաչատուրյանը։ 
12:06 - 24 ապրիլի, 2024
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և Fastex-ի բիզնես զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասիին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին կարևորել է Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն ու Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ամրապնդող և խթանող նախաձեռնությունները, ինչպես նաև միասնական օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը: Նշվում է, որ Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել ֆրանսահայ համայնքի ներքին կյանքի անցուդարձի ու զարգացումների, ինչպես նաև առկա խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների շուրջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ:Տեղեկացվում է, որ զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է Ֆրանսահայերի խորհրդի և այլ ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեության կարևորությունը, որը միտված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև համահունչ է երկու պետությունների միջև համագործակցության հիմնարար սկզբունքներին:
19:22 - 23 ապրիլի, 2024
Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
 |armenpress.am|

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը։ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր համաժողովում այդ տեսակետը հայտնեց ՀՀ նախագահ Վահագն  Խաչատուրյանը։ «Մենք մարդուն, ՀՀ քաղաքացուն դիտարկում ենք որպես գլխավոր ռեսուրս, քանի որ չունենք նյութական ռեսուրսներ, հետևաբար մարդը պետք է լինի զարգացած, կրթված և միտված իր երկրին ծառայելուն և նրա համար նոր արժեք ստեղծելուն։ Այս տրամաբանության մեջ են իրականացվում կառավարության ներկայիս ծրագրերը»,-ասաց Խաչատուրյանը։ ՀՀ նախագահն իր խոսքը հիմնավորելու համար վկայակոչեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2020 թվականին պետության կողմից գիտության ոլորտի ծախսերի ծավալը կազմել է 13 միլիարդ դրամ, 2024 թվականին՝ նախատեսվում է ծավալը հասցնել 36 միլիարդի։ Եթե գիտության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են բյուջեի ընդհանուր ծախսերի 0,7 տոկոսը, ապա 2024 թվականի ցուցանիշը 1,12 տոկոս է։ 2023 թվականի համեմատ՝ ծախսերն ավելացել են 43 տոկոսով, իսկ 2020 թվականի համեմատ՝ 2,7 անգամ։ Կրթության ոլորտի ծախսերի ընդհանուր ծավալը 2020 թվականին կազմել է 144 միլիարդ դրամ, 2024 թվականին կկազմի 288 միլիարդ դրամ։ Բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ կրթության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են 7,6 տոկոս, ընթացիկ տարվա համար ցուցանիշը 9 տոկոս է։   «ՀՀ գործող կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը, գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը։ Այն, ինչ տեղի է ունենում զուտ ակադեմիայի կարգավիճակի հետ կապված քննարկումներում, ապա դրանք պետք է շատ արագ ավարտվեն, քանի որ անորոշությունն իր հերթին բերում է լրացուցիչ խնդիրներ ու խոսակցություններ, այլ կարծիքներ, որոնք նպաստավոր չեն թե՛ պետության, թե՛ ակադեմիայի համար։ ԳԱԱ-ում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հուշում են, որ իսկապես տվյալ հաստատությունը փոխվելու մեծ ձգտում ունի, որի հիմնական նպատակը ավելի կիրառական մասնակցություն ունենալն է այսօրվա տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններում»,- ասաց ՀՀ նախագահը։ Խաչատուրյանի դիտարկմամբ՝ պետության կողմից ֆինանսավորումը մեծանում է հատկապես գիտահետազոտական աշխատանքներին օժանդակելու առումով։ Օրինակ՝ ռազմարդյունաբերական համալիրի համար գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորական աշխատանքներին հատկացված գումարը կազմում է շուրջ 6 միլիարդ դրամ։ «Վերջին 3-4 տարվա ընթացքում նման բան չի եղել, ինչը լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի մեծ դաշտ բացվի գիտելիքի համար։ Բայց, ցավոք, մեր բիզնեսի մասնակցությունն այդ աշխատանքներում շատ ցածր է։ Երբ ուսումնասիրում ենք արտասահմանյան փորձը, տեսնում ենք, որ զարգացած երկրներում գիտահետազոտական աշխատանքների մեջ հիմնական ներդրում անողը հենց բիզնեսն է։ Պետության մասնակցությունը շատ ավելի քիչ է։ Բիզնեսի ակտիվ մասնակցությունը պայմանավորված է խրախուսական տարբեր, հիմնականում տնտեսական մեխանիզմներով։ Ժամանակն է, որպեսզի անդրադառնանք հենց այս հարցին։ Մենք վստահաբար կարող ենք նույնն անել, պարզապես պետք է բիզնեսին ներգրավելու համարձակություն ունենանք։ Ընդ որում, նրան պետք է շահագրգռել, որովհետև բիզնեսը, եթե շահ չունենա, ոչինչ չի անելու, ինչն, ըստ էության տրամաբանական է և ընդունելի»,- ասաց Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի խոսքով՝ եթե բիզնեսի ներկայությունը չլինի կրթության ոլորտում, ապա այդ բնագավառը չի ունենա զարգացման այն տեմպերը և չի արձանագրի այն արդյունքները, ինչ ցանկանում է պետությունը։ «Այն, ինչ կատարվում է գիտական հայտնագործությունների առումով, գոհացուցիչ չի կարող է լինել։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ միջազգային շուկաներ, կարողանանք իսկապես մեր գիտելիքն ու գիտական արտադրանքը ներկայանալի դարձնել միջազգային շուկայում։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից պետք է սկսել այդ գործընթացը։ Կարծում եմ՝ հենց կրթական համակարգից, հետևաբար ավագ դպրոցների ու ինստիտուտների ամբողջ շղթան պետք է վերանայել ու գտնել շահագրգռող նոր մեխանիզմներ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ ձգտեն զբաղվել գիտությամբ։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որի պայմաններում ամբողջ համակարգը միտված կլինի նախևառաջ բնական գիտելիքներ տալուն և այդ ուղղությամբ բարձրորակ մասնագետներ պատրաստելուն։ Համոզված եմ, որ մեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները, պարզապես հիմա տուժում ենք ժամանակի մեջ և, ցավոք, հետ ենք մնում համաշխարհային գիտական փոփոխություններից»,- նշեց ՀՀ նախագահը։ Անդրադառնալով ակադեմիական քաղաք կառուցելու նախաձեռնությանը՝ Խաչատուրյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ ճիշտ քայլերի ընտրությունը հնարավոր է հենց նման քննարկումների շնորհիվ։ «Ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, առավել ևս իշխանությունը։ Մենք ավելի շատ ունենք ինչ-որ բան ստեղծելու ցանկություն, ինչն անելու ենք համատեղ ջանքերով։ Եթե իսկապես կան կառուցողական առաջարկներ՝ ակադեմիական քաղաք հիմնելու համար, ապա պետք է միասին անցնենք այդ ճանապարհը։ Ավելորդ աղմուկն ու չհիմնավորված կարծիքների հնչեցումն օգուտ չի տա այս գործընթացին։ Եթե յուրաքանչյուր բուհ կարծում է, որ կարող է գոյատևել ինքնուրույն, ապա պետք է դա ապացուցի իր արդյունավետ գործունեությամբ։ Այդ դեպքում միավորվել-չմիավորվելու հարցը կունենա այլ բնույթի քննարկում։ Բոլոր դեպքերում մենք պետք է կարողանանք դուրս գալ կոմֆորտային վիճակից՝ ավելի առաջ գնալու համար, հետևաբար չարժե ստեղծել ապոկալիպտիկ տրամադրություններ»,- պարզաբանեց ՀՀ նախագահը։ Անդրադառնալով ակադեմիկոս Սուվարյանի դիտարկմանը, թե գիտության ոլորտում պետպատվերի քանակը նվազել է՝ Խաչատուրյանը հակադարձեց այն դիտարկմամբ, որ գիտությունն իր հերթին պետք է ներքևից լինի ավելի նախաձեռնողական, որպեսզի ակնկալի պետության կողմից ցուցաբերվելիք ավելի մեծ ծավալի աջակցություն։ Ավելին՝ այսօր վարչապետի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն, օրինակ, մեր գիտնականները պետք է տան քաղաքական, պատմական, տնտեսական համարժեք հիմնավորումներ, որպեսզի այդ նախաձեռնությունն ավելի ընկալելի դառնա միջազգային ասպարեզում, որտեղ արդեն իսկ դարձել է ամենաքննարկվող ծրագրերից մեկը։ 
15:49 - 23 ապրիլի, 2024
Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի․ Վահագն Խաչատուրյան

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Իր խոսքում վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան օրը՝ 65-ամյակը: Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այդ ուղերձը: Ուզում եմ շնորհավորել և ասել, որ շատ բարձր եմ գնահատում Ձեր գործունեությունը նախագահի պաշտոնում և, ընդհանրապես, այն հանրային քաղաքական գործունեությունը, որը Դուք մեր երկրի հիմնադրման առաջին օրից ունեցել եք Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Դուք այս ընթացքում ցուցաբերել եք և ցուցաբերում եք Կառավարությանը: Մենք դժվար որոշումներ ենք կայացնում, և նաև շատ կարևոր է, որ Կառավարությունը, ես զգում ենք Ձեր աջակցությունը բոլոր այն դեպքերում, երբ նաև համատեղ քննարկումների արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ տվյալ որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին: Բայց այս տոնական՝ ծննդյան օրվա, տարեդարձի այցը չեմ ուզում քաղաքական տեքստերով համեմել, մանավանդ, որ այսօր մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկելու ընթացող պրոցեսները: Կրկին ուզում եմ շնորհավորել, շնորհակալություն հայտնել, մաղթել առողջություն և շարունակական գործունեություն՝ ի բարօրություն և ի նպաստ Հայաստանի Հանրապետության»: Իր հերթին Վահագն Խաչատուրյանը նշել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն: Շնորհակալություն շնորհավորանքի համար: Տարիքը միշտ պետք է գնահատել երևի հենց այդ տարվա հետ կապված, կապ չունի 65 կլինես կամ 60: Ամեն մեկն իր դերն ու տեղն ունի: Եվ հիմա՝ այս տարիքում, ես զգացված եմ, որ հնարավորություն ունեմ Ձեր, Կառավարության, Ազգային ժողովի հետ միասին մեր պետության համար այսպիսի կարևոր որոշումներ ընդունելու: Ուզում եմ նաև իմ հանդիպումների, տպավորությունների կամ եզրակացությունների արդյունքում Ձեզ վստահեցնել, որ այն նախաձեռնությունը, որ Դուք անձամբ սկսեցիք, հետագայում դա դարձավ նաև մոտեցում, սկզբունք, հատկապես հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը գտնելու: Իսկ այդ ձևը Դուք գտաք՝ սահմանազատման հենց այդ աշխատանքներն էր: Եվ վստահ եղեք, որ այն աշխատանքը, որ կատարում եք Դուք, Կառավարությունը և այն մարդիկ, ովքեր անձամբ այսօր, այս պահին զբաղված են նաև այդ աշխատանքով, գնահատված է, գնահատվում է Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցների, արժանապատիվ քաղաքացիների, այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են ապրել ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում: Ես իրավունք ունեմ այսօր, հենց այս ծննդյան օրը մի փոքր շատ շեշտադրումներ անել այդ ուղղությամբ, որովհետև, ի վերջո, այն ինչ մենք սկսել էինք 1988 թվականին, միտումը դա էր: Ճիշտ է, միգուցե մենք չէինք գիտակցում այն ժամանակ, որ ազատ, անկախ Հայաստան ունենալու ճանապարհն այսպես երկար է լինելու, բայց մենք այսօր ունենք հնարավորություն: Խոսքս ուղղում եմ Ձեզ, որպեսզի շարունակեք այդ հնարավորությունն իրականություն դարձնել:Դա իրականություն դարձնելն արդեն կախված է մեզնից, կոնկրետ՝ Ձեզնից, իշխանությունից, ինձնից՝ որպես ՀՀ նախագահ, և մեր քաղաքացիներից: Իսկ մեր քաղաքացիներին ուզում եմ իմ խոսքն ուղղելով ասել՝ հավատացած եղեք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի և Հայաստանի Հանրապետությունից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի: Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի Հանրապետության հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք: Մեկ անգամ էլ շնորհակալություն եմ հայտնում»:
21:36 - 22 ապրիլի, 2024
Սիրիայի դեսպանը ՀՀ նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրեր

Սիրիայի դեսպանը ՀՀ նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Ուրախ եմ ջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ ։ Խնդրում եմ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց հետ քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով: Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամական հարաբերությունները և մեծապես կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը»: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր բոլոր կարողությունները ներդնում է Հայաստանի և Սիրիայի միջև բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացման գործում: Հանդիպման ընթացքում դեսպանը նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք ծրագրերն ու նախաձեռնությունները: Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Սիրիայի միջև բոլոր բնագավառներում առկա լիարժեք փոխըմբռնման և փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի կարևորությունը: Զրույցի ընթացքում դեսպան Արիսյանը Սիրայի իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը տարիներ շարունակ Սիրային ցուցաբերվող մարդասիրական և բազմաբնույթ աջակցության համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանայի իրադրության և զարգացումների վերաբերյալ և այս համատեքստում երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչ տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է:
16:39 - 17 ապրիլի, 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Մենք ունենք ընդհանուր պատմություն, և նաև այսօրվա ժամանակակից պատմությունը, որն առանձնանում է նրանով, որ այս բարդ ժամանակներում մենք խորացնում ենք մեր հարաբերությունները բոլոր բնագավառներում: Ուզում եմ նշել, որ այս ժամանակաշրջանում, հատկապես՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում, Ղազախստանն արձանագրել է զգալի հաջողություններ տարբեր ոլորտներում: Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում:Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և, իհարկե, մաղթում Ձեզ և ղազախ ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ»: Ղազախստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի Վահագն Գառնիկի, որպես Ղազախստանի նախագահ առաջին անգամ եմ այցելում Հայաստան պաշտոնական այցով: Այդ պատճառով է, որ այս այցն ինձ համար շատ կարևոր է և ունի հատուկ նշանակություն: Մենք բանակցություններ ենք ունեցել մեծարգո պարոն վարչապետի հետ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում: Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հիմնական և կարևոր գործընկերներից մեկը: Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան, երկիր՝ հարուստ պատմությամբ, մշակույթով, որտեղ սկիզբ է առել հին քաղաքակրթությունը: Այսօրվա հանդիպումը համընկել է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակի հետ: Սա խորհրդանշական է: Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական: Այս պաշտոնական այցն անցավ ինչպես ծրագրված էր, և ես հույս ունեմ, որ այն կմնա երկու երկրների պատմության մեջ»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է համատեղ տնտեսական, մշակութային, սպորտային և այլ նախաձեռնությունների անցկացումը՝ օրերս կայացած հայ-ղազախական գործարար համաժողովի և ընթացիկ տարում Ղազախստանում նախատեսված «Հայկական մշակութային օրերի» օրինակներով: Երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից, կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական փոխայցելություններն ու մշակութային, տնտեսական, գործարար օղակների միջև շարունակական շփումները: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը, ինչը բխում է բոլոր գործընկեր պետությունների շահերից: Հանդիպման ավարտին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան:
15:57 - 15 ապրիլի, 2024