ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
19:22 - 23 ապրիլի, 2024

ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և Fastex-ի բիզնես զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասիին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին կարևորել է Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն ու Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ամրապնդող և խթանող նախաձեռնությունները, ինչպես նաև միասնական օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը:

Նշվում է, որ Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել ֆրանսահայ համայնքի ներքին կյանքի անցուդարձի ու զարգացումների, ինչպես նաև առկա խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների շուրջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ:

Տեղեկացվում է, որ զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է Ֆրանսահայերի խորհրդի և այլ ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեության կարևորությունը, որը միտված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև համահունչ է երկու պետությունների միջև համագործակցության հիմնարար սկզբունքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել