Ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
18:09 - 26 հունվարի, 2023

Ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգային առաքելության ստեղծման մասին, որում նշվում է․ 

«Հունվարի 23-ին ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկու տարի ժամկետով Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն հիմնելու մասին։ ԵՄ ներկայության հստակ չափորոշիչները կորոշվեն մոտ ապագայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն լինելու է ավելի մասշտաբային, քան ԵՄ մոնիթորինգային մեխանիզմը, որը գործում էր Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրագրման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Ոչ մի «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում տեղի ունեցող իրադարձություններին ԵՄ «փորձագետների» դիտարկումից։ Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասի խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։

Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածնվել է որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ելունդ և ԱՊՀ տարածքում առճակատմանն ուղված քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորության մեջ գցի. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ 

Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը։

Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվի ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում շահագրգռվածությունը, ապա այդ առաքելությունը կարող է օպերատիվ ծավալվել Հայաստանում։

Ինչպես և նախկինում կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ընդհանրապես տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ և հետևողական իրականացումն է, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի չափորոշիչների համաձայնեցման, հանրության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների մասով եռակողմ շփումների զարգացման մասին: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: 

Հիշեցնենք նաև, որ միչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործարկումը մեկնարկեց 2022 թվականի հոկտեմբերի 20-ին և ավարտեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը համահունչ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել