hetq.am: «Հետք»-ը շարունակում է Երևանի փակված մանկապարտեզների և դրանց տարածքների սեփականատերերի ուսումնասիրությունը:
Այս անգամ կներկայացնենք Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր նորք վարչական շրջանների փակված մանկապարտեզների պատմությունը: Բոլոր 4 վարչական շրջաններում էլ ՆՈՒՀ հաճախելու համար մի քանի հարյուր, ընդհուպ մինչև հազար երեխա կա հերթագրված: Նախորդիվ ներկայացրել էինք Կենտրոնում փակված՝ 14, իսկ Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում փակված 27 մանկապարտեզի պատմությունները:
Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում փակվել է 29 մանկապարտեզ: Ի թիվս այլոց, մանկապարտեզների սեփականատեր են դարձել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փոխկապակցված անձը, արձակագիր, ռեժիսոր Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի փաստաբանը, Արաբկիրի առաջին թաղապետի ընտանիքը, օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր ընտրվածի (հրաժարվել է մանդատից, խմբ.) ընտանիքը, ԱԱԾ աշխատակցի մայրը, Ավանի թաղապետի նախկին տեղակալի կինը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը և այլն:
Արաբկիր վարչական շրջան. փակվել է 12 մանկապարտեզ
Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2019 թ.-ի ապրիլի դրությամբ հերթագրված է 846 երեխա: Այս վարչական շրջանում, բացի համայնքապատկան մանկապարտեզներից, փակվել են նաև մի շարք գերատեսչական մանկապարտեզներ: Մանկապարտեզների գույքը հետագայում վաճառվել է: Արաբկիր վարչական շրջանում չկա համայնքապատկան, փակված որևէ մանկապարտեզ, որի տարածքը պատկանում է համայնքին: Այդ տարածքների սեփականատերերը տարբեր մարդիկ են: Այս վարչական շրջանը փակված մանկապարտեզների թվով թերևս զիջում է միայն Կենտրոն վարչական շրջանին:
Նախքան համայնքների ձևավորվելը, նախկին 26 կոմիսարների շրջանի (ներկայում՝ Արաբկիր վարչական շրջան) ենթակայության տակ գտնվող 10 մանկապարտեզ լուծարվել է: Արաբկիր վարչական շրջանից մեր հարցումներին ի պատասխան՝ հայտնել են, որ այդ շրջանում լուծարված մանկապարտեզների որոշումների վերաբերյալ որևէ տեղեկատվության չունեն: Մենք փորձել ենք տարբեր աղբյուրներ օգտագործելով՝ գտնել այդ շրջանում փակված մանկապարտեզների տեղանքները, սակայն, ամենայն հավանականությամբ, կլինեն մանկապարտեզներ, որոնք հնարավոր չի եղել տեղորոշել:
«Մերգելյան» ինստիտուտի մանկապարտեզները
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն Արաբկիր վարչական շրջանում երկու մանկապարտեզ է ունեցել: Մեկը՝ Կոմիտասի պողոտա 1 շենքի առաջին հարկում, մյուսը՝ նույն շենքի բակում: Կոմիտասի պողոտա 1 շենքի անկյունում գործած մանկապարտեզը սեփականաշնորհվել է 1996 թ.-ին: Սեփականատեր է դարձել արձակագիր, ռեժիսոր Աղասի Այվազյանի ընկերությունը՝ «Աղասի Այվազյան» ՍՊԸ-ն: Մանկապարտեզի փոխարեն՝ տարածքում գործել է Աղասի Այվազյանի կնոջ հիմնադրած «Գրետա Վերդիյան մասնավոր դպոց» ՍՊԸ-ն: 2014 թ.-ին այդ ՍՊԸ-ն անվանափոխվել է և դարձել «Մ Վեկտոր» ՍՊԸ-ը: Գրետա Վերդիյանը և նրան փոխկապակցված անձինք դուրս են եկել ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկից: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը 2017 թ.-ից պատկանում է Վարդան Մուսայելյանին: Մինչ օրս տարածքը պատկանում է նշված ՍՊԸ-ին, իսկ այն վարձակալել է «Սմարտ Ստարտ» երեխաների զարգացման միջազգային կենտրոնը: Տեղում այսօր մասնավոր նախակրթարան է գործում:
«Մերգելյան» ինստիտուտին պատկանող մյուս մանկապարտեզը տիպային շենք է ունեցել՝ իր բակային տարածքներով: Մանկապարտեզի շենքը երկու հասցե ունի՝ Հ. Հակոբյան 3 ա և Հ. Հակոբյան 3/16: Երկու հասցեների անշարժ գույքը, այդ թվում՝ մանկապարտեզի շենքը պատկանում է «Վայզբեյբի» ՍՊԸ-ին: Ցանկապատված շենքում այսօր տեղակայված է «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ՍՊԸ-ի բիոտեխնոլոգիական կենտրոնը: «FMD K&L Europe»-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել:
Ժամացույցի գործարանի մանկապարտեզները
«Երևանի Ժամացույցների գործարան» ԲԲԸ-ն Արաբկիր վարչական շրջանում 2 մանկապարտեզ է ունեցել, երկուսն էլ առանձին շենքերով: Մեկը եղել է Աղբյուր Սերոբի փողոցում, մյուսը՝ Բաղրամյան 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի տեղում: Աղբյուր Սերոբի 18 հասցեում գտնվող մանկապարտեզը փակվել և վաճառվել է 1998 թ.-ին: Մի քանի սեփականատեր փոխելով՝ այն դարձել է Ռուզաննա Ասուլյանի սեփականությունը: Վերջինս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանից 15 հա անտառային տարածք էր գնել: Ծաղկաձորում գտնվող այդ տարածքը մինչ օրս պատկանում է իրեն: Բացի այդ, Ռուզաննա Ասուլյանը Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանի հետ «Գոլդեն ՄԿ» ՍՊ ընկերության (լուծարվել է, խմբ.) բաժնետեր է եղել: ՍՊԸ-ի բաժնետոմսերը Գագիկ Պողոսյանի հետ կիսում էին մոսկվաբնակ Միխայիլ Բեզրուկովը եւ Ռուզաննա Ասուլյանը: Վերջինիս պատկանող մանկապարտեզի երկհարկանի շենքն այսօր չի օգտագործվում, դռները փակ են: Միխայիլ Բեզրուկովը նաև «Հովազաձոր» ՍՊԸ-ի հիմնադրին է: Այդ ՍՊԸ-ն նա հիմնել է Կամո Խաչատրյանի հետ, իսկ վերջինիս որդու կնքահայրը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է:
«Երևանի Ժամացույցների գործարան» ԲԲԸ-ին պատկանած մյուս մանկապարտեզի շենքն օտարելուց հետո՝ 2005 թ.-ին, քանդվել է: Տեղում «Ռենշին» ՍՊ ընկերությունը բարձրահարկ, բազմաբնակարան շենք է կառուցել:
«Կանազ»-ի մանկապարտեզները
Խորհրդային տարիներին գործող Քանաքեռի ալյումինի գործարանը, որը բնակիչների շրջանում «Կանազ» անունով է հայտնի, ունեցել է 3 մանկապարտեզ: Երկուսը գտնվել են Մամիկոնյանց 34 ա և 34 գ շենքերի առաջին հարկերում, իսկ մյուսը՝ ոչ այնքան հեռու՝ Մամիկոնյանց 17 հասցեում: Առաջին երկու շենքերը եղել են հանրակացարանային շենքեր, որոնք Կառավարության 1998 թ.-ի որոշումով սեփականաշնորհել են այդտեղ ապրող մարդիկ: Այսօր երկու շենքերի առաջին հարկերում էլ հասարակական տարածքներ են, կրպակներ, սննդի կետ, դեղատուն և այլն:
Երրորդ մանկապարտեզի տեղում այսօր «Annabella» անունը կրող հյուրանոցն է: Ճարտարապետական գեղեցիկ լուծումներով մանկապարտեզի նախկին շենքն ունի նաև առանձնացված բակ: Նախկին մանկապարտեզի շենքը պատկանել է «Կանազ» ԲԲԸ-ին, որը շենքը վաճառել է «Ալյումինտեք» ՓԲԸ-ին: Շենքը մինչ օրս պատկանում է նշված ՓԲԸ-ին:
Կոմիտաս 16
Կոմիտաս 16 շենքի առաջին հարկում մինչև 1998 թվականը համայնքային թիվ 186 մանկապարտեզն է գործել, որը հիմա նախակրթարան է դարձել: Մանկապարտեզը փակվելու որոշման մեջ ասված է, որ այնտեղ ջրագծերի վթար է եղել, որից հետո 1,5 տարի տարածքը չի օգտագործվել: Մանկապարտեզի տարածքը 2003 թ.-ին ձեռք է բերել Վանյա Սուքիասյանը, որը հետագայում այն վաճառել է Ջուլիետա Ենգոյանին: Վերջինս այդ տարածքում մասնավոր մանկապարտեզ է շահագործում: Վանյա Սուքիասյանը փաստաբան է, եղել է ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի պաշտպանը:
Շարունակությունը՝ hetq.am-ում։