Գործող նախագահը ուղղակի միջամտություն ունեցավ դատական գործընթացին․ վարչապետը՝ Քոչարյանի գործի մասին

armtimes.com: «Բարոյական առումով կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով որքանով է ճիշտ, որ գործող նախագահը ունի կոնկրետ ազդեցություն դատարանի ու դատավորի վրա»։

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն առնչվող հարցին, այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում:

Վարչապետն անդրադարձավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջնորդությանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։

«Գործող նախագահը, ով ունի նաեւ ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ եւ էդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանո՞վ է սա ընդունելի։ Գործող նախագահն ունի ուղղակի ազդեցություն դատական գործընթացի վրա:

Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է, եւ այդպես էլ պետք է լինի, եւ պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, եւ այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին՝ ես միջնորդում եմ, որ դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանո՞վ կարող ենք նման պայմաններում օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին խոսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել դատարան, որը բավարարվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն