Որեւէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել. Արայիկ Հարությունյան |armtimes.com|

armtimes.com։ Արցախում նախագահական ընտրություններից 1 տարի առաջ արդեն թեժ ընտրապայքար է սկսել: Սա պայմանավորված է նրանով, որ առաջին անգամ Արցախի ընտրություններում ՀՀ-ն չի միջամտելու եւ չի փորձելու իր թեկնածուին առաջ տանել: Փոխարենը Արցախի ընդդիմադիր ուժերը կարծում են, որ Երեւանը պետք է միջամտի, որպեսզի ազատ եւ արդար ընտրություններ տեղի ունենան:

Հարցազրույց Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արայիկ Հարությունյանի հետ: Հիշեցնենք, նա եւս հայտարարել է, որ մասնակցելու է Արցախի նախագահի ընտրություններին:

Պարոն Հարությունյան, ինչպես նկատում ենք՝ Արցախում 2020-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ բավականին վաղ ակտիվ ընտրարշավ է սկսվել: Ինչո՞վ է սա պայմանավորված:

Սկզբունքորեն չեմ կիսում Ձեր այդ միտքը, քանի որ Արցախում քաղաքական ուժերի կողմից ցուցաբերվող ակտիվությունը ես ընտրարշավ չեմ որակում: Գուցե որոշ դեպքերում, իսկապես, կարմիր գիծը հատողներ կան, բայց հակված եմ կարծելու, որ ընթացող բոլոր զարգացումները տեղավորվում են առկա քաղաքական կոնյուկտուրայի մեջ:

Իհարկե, գործ ունենք որոշ առումով անսովոր իրավիճակի հետ, քանի որ գալիք տարի սպասվում են խորհրդարանական եւ նախագահական միաժամանակյա ընտրություններ, եւ գործող նախագահ Բակո Սահակյանը այլեւս չի առաջադրվելու: Հետեւաբար, քաղաքական նոր վերադասավորումներ են սպասվում, եւ հենց դրանով է պայմանավորված, որ քաղաքական ուժերը փորձում են վերադիրքավորվել՝ առաջացնելով որոշակի աշխուժություն, ինչը բնական է:

Մի քանի անգամ ձեր ղեկավարած կուսակցությունը եւ Սամվել Բաբայանի գրասենյակը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: Պատճառն անձնական վատ հարաբերություննե՞րն են, թե պարզապես քաղաքական պայքար է:

Ես Սամվել Բաբայանի հետ ընդհանրապես որեւէ հարաբերություն չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ուստի, չեմ կարծում, թե անձնական տիրույթում են նրա եւ իր գրասենյակի կողմից իմ կամ իմ գլխավորած կուսակցության հասցեին պարբերաբար հնչող հայտարարությունները, որոնք հիմնականում իրականության հետ աղերս չունեն:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական նպատակներով բոլոր նախաձեռնությունները պետք է լինեն օրինականության սահմաններում, եւ, որպես առաջատար քաղաքական ուժ, այդ հարցում անզիջում պայքար ենք մղելու: Այս հարցում ունենք նաեւ հանրության լայն աջակցությունը, եւ թող ոչ ոք դրանում չկասկածի:

Ատելության, կեղծիքի եւ հակաօրինական քայլերի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որեւէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել:

Ձեր հասցեին ժամանակ առ ժամանակ քննադատություններ են հնչում: Նշում են, որ դուք Արցախում տնտեսական մենաշնորհներ եք ստեղծել: Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

Երկար տարիներ լինելով Արցախի Հանրապետության վարչապետ՝ իմ գործունեության հիմնական սկզբունքներից է եղել մրցակցային եւ դիվերսիֆիկացված տնտեսության ստեղծումը: Արդյունքներն, իհարկե, ակնառու են, դրանց մասին բազմիցս խոսել ենք ու առաջիկայում անպայման կրկին կանդրադառնամ:

Բայց կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ անցած տասնամյակում տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծվել են հարյուրավոր մասնավոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ իրական հատվածում կարողացել ենք ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր: Սա է իրականությունը:

Եթե այդ քննադատություններն ուղղված լինեին տնտեսության զարգացման գործում այս կամ այն սխալին, չհաջողված ծրագրերին, ես դրանք ըմբռնումով կընդունեի, քանի որ այդպիսիք եղել են ու դրանց մասին բարձրաձայնելուց երբեք չեմ խուսափել: Բայց երբ ինձ մեղադրում են այսպես կոչված մենաշնորհների ստեղծման կամ իմ կողմից դրանց խրախուսման մեջ, վստահ կարող եմ հայտարարել, որ դրանք հիմնազուրկ են:

Ի վերջո, տնտեսության մեջ մենաշնորհների գոյությունը իրականության մեջ փաստելու համար օրինակներ են անհրաժեշտ, որոնց մասին այդ քննադատները, չգիտես ինչու, չեն խոսում:

Շարունակությունը՝ armtimes.com

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն