tert.am։ Փորձ կատարվեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա․ ԱԺ-ում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը, անդրադառնալով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։
Նշենք, որ Բաբաջանյանը մի շարք տեղեկություններ ներկայացնելով՝ հայտարարել էր, թե իր սեփական վերլուծությամբ կարող է պնդել, որ Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին և կոչ էր արել, որ Յոլյանն իր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնի։
Լևոն Յոլյանն անդրադարձավ պատգամավորի կողմից հնչեցված փաստերին և դրանք սուտ որակեց՝ նշելով, որ չեն համապատասխանում իրականությանը։
Նախ սկսեց Բաբաջանյանի այն հայտարարությունից, որ Յոլյանը բիզնեսով է զբաղվում, «Մարկ ինթերնեյշընըլ» կազմակերպության սեփականատերն է։ Ըստ ՀՊ նախագահի՝ ինքը 93-98թթ-ին բնակվել է Մոսկվայում, 94թ-ին Երևանում տուն է ձեռք բերել ստալինյան շենքում, որը մինչև հիմա իրենցն է։
Ասաց, որ 98-ին ներդրում է արել ՀՀ-ում․ «Ամիրյան 12-ի գտնվող շենքը, որը ժողովուրդն ասում է «Սամսունգի շենք», եղել է իմ ու ինձ հետ փոխկապակցված անձի սեփականության մի մասը և այլն։ «Մարկ ինթերնեյշընըլը» 96-ից սկսել է աշխատել ՀՀ-ում, տվյալները հասանելի են բոլորին՝ ՊԵԿ-ի բազայում կա, և նշված է ինչ գործունեություն է ծավալել. խոշոր հարկատուն է եղել և 2007-ին եղել է 92-րդ, 2008-ին՝ 102-րդ խոշոր հարկատուն»։
Յոլյանը նշեց, որ մինչև 2013-14 թթ-ը ընկերությունն աշխատել է հաջողությամբ, հետո չի դիմացել եղած մրցակցությանը, և հիմա իրենք այլևս բիզնեսով չեն զբաղվում։
Նա շարունակեց, թե նշվել է նաև «Մակրո Երևան» ընկերության մասին: Ըստ Յոլյանի՝ այն ևս ակտիվ եղել է շուկայում, Մոսկվայից վերադառնալուց հետո և նույնպես 2006թ-ին եղել է 244-րդ խոշոր հարկատուն։
«Այլ կազմակերպություններ էլ կան, որ գործել են: Այն կազմակերպությունները, որոնք պատկանել են ինձ ու իմ ընտանիքին, մրցակցությանը չդիմացան և 4-5 տարի է՝ չեն գործում։ Ասացին, թե պետական կառավարման համակարգ անցել եմ 2007թ-ից. խեղաթյուրված փաստ է: 1998թ-ին Արմեն Դարբինյանի առաջարկությամբ ընդգրկվել եմ պետական կառավարման համակարգ։
Դրանից հետո Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ նշանակվել եմ առողջապահության փոխնախարար, 2007-ից Վերահսկիչ պալատի տեղակալ, 8, 5 տարի աշխատել եմ պալատի տեղակալ։ 2018-ին Կարեն Կարապետյանն առաջարկել է Վերահսկողության ծառայության պետ լինեմ, դրանից հրաժարվեցի, անձնական կարևոր գործեր ունեի»,-պարզաբանեց Յոլյանը։
Շարունակությունը՝ tert.am