Սերբիայի բանակը մարտական պատրաստության է բերվել |azatutyun.am|

azatutyun.am։ Սերբիայի բանակը բերվել է մարտական պատրաստության Կոսովոյում ստեղծված լարվածության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը:

Ըստ Բելգրադի, Կոսովոյի հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումը նախօրեին ներխուժել է հիմնականում սերբերով բնակեցված ավաններ:
Ի պատասխան դրան, վրդովված սերբերը Կոսովսկա-Միտրովիցայում սկսել են կառուցել բարիկադներ: Զուբին-Պոտոկ գյուղի մոտ տեղի է ունեցել բախում, երկու սերբեր թեթև վնասվածքներ են ստացել:

Կոսովոյի ոստիկանները ձերբակալել են մի խումբ սերբերի, որոնց թվում ոստիկաններ են և քաղաքացիական անձինք: Կոսովոյի իշխանությունները պնդում են, որ նշված սերբերին ձերբակալել են «քրեական ակտիվության և զինված դիմադրության համար»:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն արձակել է բանակը մարտական պատրաստության բերելու հրաման և հայտարարել է, որ Բելգրադը թույլ չի տա բռնություններ Կոսովոյի սերբերի նկատմամբ:

Սերբիայի կառավարության խոսնակ Մարկո Դյուրիչն ասել է, որ Կոսովոյի նպատակն է «ահաբեկել այդ երկրամասում ապրող սերբերին և ստիպել նրանց հեռանալ տներից»:
Նա ասել է նաև, որ «Կոսովոյի իշխանությունների գործողություններն ուղղակի սպառնալիք են խաղաղության գհործընթացին»:

Բելգրադը 1999 թվականին ՆԱՏՕ-ի օդային հարվածներից հետո կորցրել է հսկղությունը Կոսովոյի նկատմամբ և չի ճանաչում 2008 թվականին Կոսովոյի հռչակած անկախությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն