tert.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ քաղաքական խնդիրները չպետք է վատ անդրադառնան Ռուսաստանից դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքի վրա:
«Զբոսաշրջիկները պետք է Վրաստան գան, քանի որ սիրում են այս երկիրը, իսկ քաղաքական գործիչները պետք է լուծեն խնդիրները, որոնք ընկած են տեղի ունեցած դեպքերի հիմքում»,- ասել է Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ Զուրաբիշվիլին նկատել է, որ վրացի ժողովրդի արձագանքը միանգամայն բնական է, սակայն այժմ հանգստանալու ժամանակն է:
Նա նաև նախազգուշացրել է, որ ներկայում Վրաստանում փորձ է արվում, խաղալով ժողովրդի զգացմունքներիր վրա, ապակայունացնել իրավիճակը:
Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին:
Հիշեցնենք, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վերահաժողովի նիստի շուրջ ծագած սանդալի ֆոնին: Վրացիներին զայրացրել էր այն փաստը, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նիստը նախագահող պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով: Ռուսական պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը:
ՌԴ իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել մինչ հուլիսի 8-ը լքել Վրաստանը, սակայն եթե դա տեղի չունենա, ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով:
Հայտնի է, որ լարված իրավիճակի ֆոնին ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար հետ են վերադարձնում դեպի Վրաստան տոմսերը: