Վրաստանի նախագահը ցույցերի պատճառով դադարեցրել է Բելառուս կատարած այցը և Թբիլիսի է վերադառնում |tert.am|

tert.am:  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դադարեցրել է Բելառուս կատարած այցը և Թբիլիսի է վերադառնում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Բելառուսի կառավարական շրջանակներում աղբյուրին հղումով:

Աղբյուրի խոսքով՝ Զուրաբիշվիլին օդանավակայան է ժամանել, թռիչքի թույլտվությունն արդեն առկա է:

Զուրաբիշվիլին Մինսկ էր մեկնել հունիսի 20-ին: Նախատեսվում էր, որ նա կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, երկրի վարչապետի և խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ, անյուհետև պատվավոր հյուրի կարգավիճակում ներկա կգտնվի Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում ընթացող ցույցերի համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահում է Վրաստանում տեղի ուենցող պառակտությունից, ինչը, նրա կարծիքով, Ռուսաստանի ամենահայտնի զենքն է:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ ներառյալ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է 52 տուժածի մասին, որից 38-ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն