Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ խախտումներ բացահայտած լրագրողի դեմ զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացվել |tert.am|

tert.am:  Ադրբեջանցի լրագրող Սևինջ Վաքիֆքիզիի դեմ զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացվել այն բանից հետո, երբ վերջինս 2018թ.-ի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ նկատված խարդախության մասին տեսագրություն է տարածել, հաղորդում է Radio Liberty-ն:

Տեսագրության մեջ դպրոցում գործող ընտրատեղամասում դպրոցի փոխտնօրեն Էլմիրա Ալանդարովան ընտրությունների օրը կազմակերպում է մի խումբ մարդկանց՝ մի քանի անգամ քվեարկելու գործընթացը:

Ալանդարովան զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացրել լրագրողի դեմ՝ պնդելով, որ վերջինս վնաս է հասցրել իր մասնագիտական հեղինակությանը: Նա մեղադրել է լրագրողին ապատեղեկատվություն տարածելու համար և 1470 դոլարի չափով փոխհատուցում պահանջել, ինչպես նաև պահանջել, որ տեսագրությունները ջնջվեն բոլոր առցանց հարթակներից:

Զրպարտության գործով առաջին դատական լսումը տեղի է ունեցել հունիսի 10-ին, որին հայցվորը ներկա չի եղել:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի ապրիլին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում կրկին հաղթել էր Իլհամ Ալիևը: Միջազգային դիտորդները հայտարարել էին, որ քվեարկությունն անց է կացվել կաշկանդող քաղաքական մթնոլորտում՝ առանց իրական մրցակցության: Նրանք եզրակացրել էին նաև, որ նախընտրական քարոզարաշավի ժամանակ չի ապահովվել խոսքի ազատությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն