ԱՄՆ սենատը որոշում է ընդունել, որով Թրամփին արգելվում է զենք վաճառել Սաուդյան Արաբիային

tert.am:  ԱՄՆ սենատը հավանություն է տվել առաջարկին, որով նախագահ Դոնալդ Թրամփին արգելվել է զենք վաճառել Սաուդյան Արաբիային, գրում է Associated Рress-ը: Քվեարկությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունների է՛լ ավելի սրման ֆոնին:

Սենատի անդամներն ընդհանուր առմամբ 22 որոշում են ընդունել՝ մեկական որոշում յուրաքանչյուր գործարքի համար: Այս կերպ ԱՄՆ սենատն աջակցել է զենքի վաճառքի մասով Թրամփի վարչակազմի գործողություններին խոչընդոտելուն:

Ի պատասխան՝ նախագահը խոստացել է վետո դնել որոշման վրա: Նա հայտարարել է, որ արաբական երկրին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումն ազդանշան կլինի առ այն, որ ԱՄՆ-ն հրաժարվում է իր գործընկերներից ու դաշնակիցներից «այն պահին, երբ նրանք իրենց նկատմամբ սպառնալիքների աճի են բախվում»:

Մայիսի վերջին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ զենքի մատակարարման վերաբերյալ գործարք կկնքի, որի ընդհանուր արժեքը 7 մլրդ դոլար կկազմի:

Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարի զեկույցը, որում Սաուդյան Արաբիան մեղավոր է ճանաչվել սաուդցի ըննդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի՝ Թուրքիայում այդ երկրի հյուպատոսարանի շենքում սկանդալային սպանության համար: Զեկույցում նաև կոչ է արվում ԱՄՆ-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետաքննություն սկսել, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել արաբական երկրի նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն