Եթե առաջին անգամ տրամաբանորեն կարող էինք կապել ինձ հետ, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, հաշվի առնելով, որ ես հանդիսանում եմ Վերաքննիչ դատարանի նախագահ։ Բայց երկրորդ դեպքում չեմ հասկանում՝ ես ինչ կապ ունեմ․ ո՛չ միջնորդավորված, ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի ես կապ չունեմ այս գործի հետ։ Այս մասին այսօր ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխությանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկեց դատավորները արտահերթ ժողովը: Ժողովին մասնակցում են 135 դատավորներ՝ դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին, ինչի պայմաններում ժողովը համարվեց իրավազոր: Դատավորները որոշում կայացրին, որ նիստը կընթանա դռնփակ:
Անդրադառնալով հարապարակումներին, թե ինքը ունի շահագրգռվածություն Քոչարյանի գործով, Վազգեն Ռշտունին լուրերը կեղծ որակեց։
«Եթե ուժային կառույցները որոշակի ինֆորմացիա ունեն իմ շահագրգրվածության վերաբերյալ, թող հրապարակեն։ Գուցե մարդիկ կան, ում ես խանգարում եմ, ես չեմ կարող ասել։ Ես իմ ամբողջ գործունեության ընթացքում փորձում եմ լինել արդար, թե իմ փորձերը ինչքանով են արդարացված, գնահատականը պետք է տա մամուլը։ Տաս տարի շարունակ դատավոր եմ։
Մեկին գտեք, որ կասի, թե ես դատական ակտ եմ կայացրել զանգի միջոցով, ես երբեք ոչ կայացրել եմ, ոչ կայացնում եմ, ոչ էլ կկայացնեմ վճիռ՝ զանգի միջոցով։ Ոչ նախկինում են զանգել, ոչ հիմա են զանգում»,- հավելեց դատավորը։
Ըստ նրա՝ նախկին իշխանության հետ կարող են կապվել բոլոր դատավորները, եթե նշանակվել են մեկ տարի առաջ՝ նախկինների օրորք։
Դատավոր Վազգեն Ռշտունին անդրադարձավ նաև վեթթինգի գործընթացին, նշելով, որ մամուլի միջոցով ևս հնարավոր է իրականացնել դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն և վեթթինգը պարտադիր չէ։
«Մենք ամեն օր վեթթինգի ենք ենթարկվում։ Սխալներ բացթողումներ բոլոր աշխատող մարմիններում կարող է լինել ու չեն կարող չլինել, կլինեն նաև բացթողումներ։ Իմ ընտանիքը ունի որոշակի կարողություններ, ունի գույք, մինչև դատավոր դառնալն էլ ունեցել ենք, հիմա էլ ունենք, եթե կան տվյալներ, որ ես իմ դատավոր աշխատած տարիներին որևէ օգուտ եմ ստացել նյութական կամ ոչ նյութական, թող հայտնի դարձնեն բոլորին, թող վեթթինգի էլ ենթարկեն, ինչ ուզում են անեն։ Իմ հայրը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել և բնականաբար ունեցել ենք որոշակի ունեցվածք»։
Վազգեն Ռշտունին նաև նշեց, որ հրաժարական կտա այն ժամանակ, երբ հասկանա, որ իր գործը չի կարողանում կատարել և իր նկատմամբ չկա վստահություն՝ ոչ իրավաբանական հանրության մեջ և հանրային վստահություն։
«Եթե ես հասկանամ, որ իրավաբանական հանրությունը ինձ չի վստահում, դրանից բխում է նաև որ մյուսները ևս չեն վստահի և իմանամ, որ բացասական է կարծիքը, ապա այո՛, չեմ աշխատի»,- ասաց նա։