Ընդլայնվում է արցախցիների բնակարանային աջակցության ծրագիրը |civilnet.am

civilnet.am Կառավարությունը փոխում է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրը։ Նախագիծը հաստատվեց հուլիսի 3-ի նիստին։

«Սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն»,- նիստին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նոր փոփոխություններով միայն Երևանն ու անմիջապես սահմանակից համայնքներում է անհատի հաշվով նախատեսված 3 մլն դրամ աջակցություն, մյուս մարզերում, եթե գումարի չափը 5 մլն դրամ չէ, ապա 4 մլն դրամ է։

Նարեկ Մկրտչյանն էլ հավելեց, որ ծրագիրը բացում են բոլոր թիրախային խմբերի համար։ «Ծրագրով նախատեսված երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն այս ամսվանից, այսինքն՝ արդեն իսկ դիմումներ ունենք։ Ըստ էության՝ ծրագիրը բացում ենք խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից, և ծրագրին դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027-ի դեկտեմբերի 31-ը։ Նախկին կարգով 2025-ի դեկտեմբերի 31-ն էր»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ բոլոր ընտանիքների համար ծրագիրը բացում են․ «Բացի այն սահմանափակումները, որ ի սկզբանե եղել են, երբ անշարժ գույք ունեն և այլն, որևէ այլ սահմանափակում չենք նախատեսում, միայն ընտանիքի թվի հետ է կապված ֆինանսավորման բանաձևը»,- նշեց վարչապետը։

Դրական մնացորդի օգտագործումը և լուծումներ մերժված դիմումների համար

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ծրագրի արդյունքում կուտակված դրական մնացորդը հնարավոր կլինի օգտագործել երեք ուղղություններով՝ վերանորոգում, գյուղատնտեսական հողամաս ձեռք բերելու և կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման համար։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ծրագրի իրականացման ընթացքում բազմաթիվ դիմումներ մերժվել են՝ կապված տեղահանվածների տվյալների բացակայության կամ Հայաստանում սեփականության առկայության հետ, նույնիսկ եթե այն կորցրել են տեղահանումից հետո։

Այս խնդիրները հաղթահարելու համար առաջարկվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով։ Այն կուսումնասիրի մերժված դիմումատուների անհատական դեպքերը և կկայացնի որոշում նրանց շահառուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ՝ դրանով իսկ ընտանիքներին հնարավորություն տալով վերականգնել իրենց իրավունքներն առանց դատարան դիմելու անհրաժեշտության։

Շինարարական պայմանների պարզեցում

Նոր կարգավորմամբ հանվում է նաև անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջոցով շինարարական աշխատանքներ իրականացնելու պարտադիր պայմանը։ Աշխատանքներն առաջարկվում է իրականացնել առավել արդյունավետ եղանակով՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ Նշվում է, որ եթե Քաղաքաշինության կոմիտեն նախագիծը հաստատել է, մարդկանց խմբերը նույնպես կարող են այն իրականացնել։

Հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1,600 ընտանիք և իրացվել է ավելի քան 390-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով