factor.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե Իսրայելը, որն անցյալ ամիս 12-օրյա պատերազմ մղեց Իրանի հետ, փորձել է սպանել իրեն։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։
«Նրանք փորձել են, այո՛։ Նրանք գործել են, բայց ձախողվել։ Իմ դեմ մահափորձի հետևում կանգնած չէր Միացյալ Նահանգները։ Դա Իսրայելն էր։ Ես հանդիպման էի, նրանք փորձել են ռմբակոծել այն տարածքը, որտեղ մենք անցկացնում էինք այդ հանդիպումը»,- ասել է Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա կարծում է, որ Իսրայելը փորձել է սպանել իրեն։
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել՝ նման մեղադրանքները որակելով որպես իսրայելական քարոզչություն։
«Մենք երբեք չենք ձգտել, չենք ձգտում և չենք ձգտի միջուկային զենք ստեղծել։ Սա Գերագույն առաջնորդի կողմից տրված հրաման և ֆեթվա է, որը ստուգվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ մեր լիակատար համագործակցության արդյունքում»,- ասել է Փեզեշքիանը։
Նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է 1992 թվականից ի վեր Իրանի մասին կեղծ իմիջ ստեղծելու մեջ։
«Նեթանյահուն փորձել է ամերիկացի նախագահների մեջ սերմանել այն սուտը, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ունենալ։ Այս կեղծ պատկերը և մոլորությունը, որն արմատավորվել է ամերիկացի պաշտոնյաների և որոշում կայացնողների մտքերում, Նեթանյահուի և Իսրայելի ռեժիմի կողմից մշակված դիվային ծրագրերի արդյունք են»,- ասել է Իրանի նախագահը։
Ինչ վերաբերում է Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցություններին, նա ասել է. «Մենք որևէ խնդիր չունենք բանակցությունների հետ կապված։ Սակայն սիոնիստական ռեժիմի կողմից տարածաշրջանին և մեր երկրին հասցված աղետները իրավիճակը դարձրել են կրիտիկական»։
Փեզեշքիանը պայմաններ է առաջադրել երկխոսության վերսկսման համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում