«Մենք հասկանում ենք շատերիդ ցավը». ԱՄՆ դեսպանատունը Թբիլիսիի ցույցերի առնչությամբ հայտարարություն է տարածել |tert.am|

tert.am:  Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, գրում է apsny.ge-ն:

«Մենք ուշադիր հետևում ենք խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող իրադարձություններին: Մենք հասկանում ենք այսօր շատ մարդկանց ապրած ցավը: Կոչ ենք անում բոլոր կողմերին հանգստություն պահպանել, զսպվածություն ցուցաբերել և մշտապես գործել Սահմանադրության շրջանակներում»,- ասված է դեսպանատան՝ այս գիշեր տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն կոչ է արել իր աջակիցներին այսօր՝ ժամը 19:00-ին, մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում վերսկսել բողոքի ցույցերը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն