orbeli.am: Տնտեսական և հարկաբյուջետային մի շարք ցուցանիշներ ցույց են տալիս, որ 2018թ.-ին արձանագրվել է ստվերային տնտեսության որոշակի կրճատում, և այդ միտումը շարունակվում է այս տարի: Նախորդ տարվա ցուցանիշներով տնտեսության մեջ ստվերի կրճատումը կարող է կազմել մինչև 10%:
Կոռուպցիա, անհավասար մրցակցություն, մակրոտնտեսական անկայունություն, սոցիալական բևեռացում, ցածրորակ առողջապահություն և կրթություն. սրանք այն ուղղակի կամ անուղղակի հետևանքների մի մասն են, որոնք ի հայտ են գալիս տնտեսության մեջ ստվերի խորացման հետևանքով [1]: Որքան մեծ է ստվերային տնտեսության կշիռն, այնքան քիչ հարկ է հավաքում պետական ապարատը, և համապատասխանաբար տուժում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը, խաթարվում է սոցիալական պաշտպանության գործառույթը: Ստվերային տնտեսությունը կամ ոչ ֆորմալ տնտեսությունը բնորոշ է աշխարհի բոլոր երկրներին, սակայն տարբերվում է ծավալով: Արժույթի միջազգային հիմնադրամի [2] գնահատմամբ՝ ՀՆԱ նկատմամբ ստվերի աննշան մակարդակ ունեն զարգացած տնտեսությամբ երկրները՝ Նորվեգիան, Կանադան, Նիդերլանդները, ՄԹ-ն՝ 1-2.3%-ի սահմաններում, մինչդեռ զարգացող երկրներում գնահատականները զգալիորեն բացասական են:
ԱՄՀ կողմից PMM (Predictive Mean Matching) մեթոդով հաշվարկելու դեպքում Հայաստանում տնտեսության ստվերը 1991-2015թթ. կազմել է մոտ 19.5%: Այստեղ կարևոր է նկատել, որ միջազգային պրակտիկայում և մասնագիտական շրջանակներում բոլորի կողմից ընդունելի ստվերի գնահատման միասնական մեթոդ գոյություն չունի, և այլ մեթոդների կիրառման դեպքում, օրինակ Հայաստանի տնտեսությունում ստվերը կարող է գնահատվել 35.9% (The Global Economy վարկանիշ) [3], կամ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 44% (SEM մոդելի MIMIC մեթոդ, 1999-2007) [4]:
Հայաստանում տնտեսության մեջ ստվերի պաշտոնական գնահատականները [5] տատանվում են ՀՆԱ-ի 15-25%-ի միջակայքում, ընդ որում՝ Վիճակագրական կոմիտեն ստվերը գնահատում է համեմատաբար բարձր՝ 22-25%, իսկ օրինակ՝ ՊԵԿ ներկայացուցիչները «խելամիտ են համարում 15-17% ստվերի առկայությունը»:
Գործադիր մարմնի մեկ այլ ներկայացուցչի՝ ֆինանսների նախարարի կողմից ընթացիկ տարվա ապրիլին հրապարակվել է ստվերին առնչվող հստակ թիվ, ինչը նախկինում երբևէ չի արվել: Մասնավորապես՝ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է [6], որ Հայաստանի հարկային պոտենցիալը 2018թ.-ի համար գնահատվել է 438 մլրդ դրամով ավելի, քան այդ տարվա ընթացքում հարկ է հավաքվել: Չնայած հրապարակված թվի վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարությունը հիմնավոր վերապահում ունի (ֆինանսների նախարարության մեթոդաբանությունը համաձայնեցված չէ մյուս գերատեսչությունների հետ), սակայն տվյալ դեպքում մոտավոր հաշվարկով տնտեսությունում ստվերը կարող է գնահատվել մինչև 35 տոկոս:
Գնահատականների մեծ տարբերության պատճառը կրկին միասնական մեթոդաբանության բացակայությունն է, ինչի մասին նշել [7] են նաև ոլորտի պատասխանատուներն՝ ընդգծելով, որ ֆինանսների նախարարությունը և այլ գերատեսչություններ մեթոդաբանության մշակման համատեղ աշխատանքներ են կատարում: Թե երբ պատրաստ կլինի միասնական մեթոդաբանությունը և ստվերի առաջին՝ բոլորի կողմից ընդունելի գնահատականը, դեռ հստակ չէ:
Մինչ գնահատման միասնական մեթոդաբանության մշակումը, Հայաստանի տնտեսության մեջ ստվերի մասնաբաժնի և դինամիկայի վերաբերյալ հնարավոր է դատողություններ անել՝ հիմնվելով հարակից որոշ ցուցանիշների և տվյալների վրա, որոնք սերտորեն առնչվում են ոչ ֆորմալ տնտեսության հետ և խիստ զգայուն են ստվերի մասնաբաժնի փոփոխության նկատմամբ:
Շարունակությունը՝ orbeli.am