Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը հիմնանորոգման ու բժիշկ մասնագետների կարիք ունի |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Վարդենիս քաղաքի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 2019 թվականի հունիսի 19-ի դրությամբ խնամվում են 450 շահառու, ովքեր այստեղ են ընդունվել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ խնամքի այս հաստատությունում պետության կողմից թեեւ ապահովված են կենցաղային բոլոր անհրաժեշտ պայմանները, սակայն այս պահին կարիք է զգացվում թե շենքի հիմնանորոգման, թե բուժանձնակազմի համալրման: « Մեր շահառուներն այստեղ ընդունվում են մշտական բնակության, դուրսգրում չի լինում, իսկ նոր շահառուներին ընդունում ենք միայն այն ժամանակ, երբ այստեղ մահ է գրանցվում, քանի որ նյարդահոգեբանական տուն-ինտերնատը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանցով զբաղեցված է ամբողջապես, իսկ պետությունն ամբողջովին հոգում է նրանց բոլոր կարիքները՝ ընդհուպ գիշերակացը, հագուստը, կերակրումը, բուժումը: Վերջերս նույնիսկ մի շահառուի սրտի ստենտավորում է պետպատվերի շրջանակներում իրականացվել մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում: Շատ ավելի թեթեւ հիվանդությունների դեպքում պետպատվերն իրականացնում ենք մարզի բուժհաստատություններում, իսկ ավելի հաճախ ու արդյունավետ՝ Վարդենիսի հիվանդանոցում: Մարզպետարանի հետ համագործակցությունն այս առումով բավականին հաջող է ստացվում: Շահառուի մահվան դեպքում պետությունը հոգում է նույնիսկ թաղման ու շիրմաքարի տեղադրման ծախսերը, եթե նրա հարազատները չեն ցուցաբերում համապատասխան արձագանք: Այսուհանդերձ, մեր անելիքները շատ են՝ շահառուների կենսապայմաններն այստեղ ավելի բարելավելու, բուժման ու խնամքի ծառայությունների որակն ավելի բարձրացնելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ մենք կարիք ունենք 2 հոգեբույժի եւ 1 թերապեւտի ու 1 թոքաբանի: Նախարարությունը թափուր տեղերի համար մրցույթի հայտարարություն տվել է, մենք էլ մեր հերթին ենք հետաքրքրված, սակայն առայժմ չենք կարողանում լրացնել կադրային բացերը: Մոտ 50 տոկոսի չափով հիմնանորոգման կարիք ունի նաեւ տուն-ինտերնատի շենքը: Այս պահին մեր միջոցներով հիմնանորոգում ենք ճաշարանը, այստեղ ձգտում ստեղծել բարվոք վիճակ ու ժամանակակից պայմաններ: Քուվեյթի դեսպանատան հետ համագործակցությամբ ծրագրել ենք արդիականացնել հաստատության շենքը: Ծրագրել ենք կառուցել ջերմոց, տեղադրել արեւային ջրատաքացուցիչներ ու պանելներ՝ էներգախնայողության նպատակով: Ուզում ենք զարգացնել նաեւ մեր հաստատությանը կից տնտեսությունը, օժանդակ ֆերման, որտեղ շահառուները զբաղված են համապատասխան թերապիայով: Ամեն ինչ արվում է բուժանձնակազմի ու խնամողների կողմից, որպեսզի մարդիկ իրենց չպատկերացնեն արգելանքի կամ փակի տակ: Մշտական մաքրություն է տիրում թե շենքի ներսում, թե հաստատության տարածքում, շաբաթը երկու անգամ տեղաշոր է փոխվում, ունենք մշտական տաք ու սառը ջուր, օրական չորս անգամ սնունդ ենք տալիս: Ի դեպ,սնունդը բերում են մատակարարները, ովքեր ընտրվել են հայտարարված մրցույթի արդյունքում: Անորակ լինելու դեպքում սնունդն անմիջապես հետ ենք ուղարկում, չենք ընդունում: Սանիտարահիգիենիկ պայմանները լիովին ապահովված են »,-ներկայացրեց տնօրենի պաշտոնակատարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն