Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու կամ այն պատվիրելու մասով հրապարակային ասում եմ՝ ես այդ ամենի հետ որևէ կապ չունեմ:
Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանը:
«Հարցաքննվել եմ Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով: Հուսանք՝ շա շուտով իրավապահ մարմինները բոլոր հարցերի պատասխանները կտան»,- նշեց նա:
Անդրադառնալով Կարապետյանի նշած նամակագրություններին՝ Բաբայանը հայնեց. «Տվյալ անձը լրատվականների հետ զրույցում ասում է՝ ես եմ իրեն հայհոյել, վիրավորել, և ինքը փորձել է տանել խոսակցությունը ավելի կոռեկտ դաշտ: Վստահաբար, դուք տեսաք, որ դա իրականությանը չի համապատասխանում: Քաղաքացուն ես մենակ պատասխանել եմ էն կոնտեքստով, ինչով նա ինձ վիրավորել է, որից հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ: Ապա խնդրել եմ հեռախոսահամարը՝ հասկանալու, թե ոնց կարա անծանոթ մարդը, դիմացինին ուղղակի չճանաչելով, հայհոյանքներ տեղալ, նորից եմ ստացել հայհոյանքներ: Այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվել է»:
Բաբայանը շարունակեց, որ երկու օր հետո Կարապետյանը զանգել է իր աշխատանքային ընդունարան, խնդրել կապ հաստատել իր հետ:
«Հասկանալով, որ գործ ունենք, իմ սուբյեկտիվ կարծիքով, քաղաքական պատվերի հետ, ես փորձում եմ զերծ մնալ և չեմ էլ զանգում: Տեսնելով, որ չեմ զանգում, անձը «մեսսենջեր» հավելվածով 10-15 նամակներ ա ուղարկում ինձ, իմ ազգականներին, ընկերներին, աշխատանքային թիմին հայհոյանքների տարափ ա գալիս: Զանգում եմ իրեն՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, մարդը իմ ձայնը լսելուց հետո, հասկանալով, որ ես եմ, անջատում է: Այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվել է»,- ասաց Ավետ Բաբայանը:
Նա հավելեց, որ Հակոբ Կարապետյանին երբևիցե չի տեսել, նրա հետ որևէ առնչություն չի ունեցել, նրան չի ճանաչում:
«Մենք բռնությունը դատապարտում ենք անկախ ամեն ինչից: Մենք քննադատությունը ընդունում ենք, բայց մարդը, նամանավանդ լինելով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ, չպետք է անցներ էս սահմանները»,- եզրափակեց Բաբայանը:
Հիշեցնենք, որ Հակոբ Կարապետյանը ավելի վաղ հայտնել է, որ քաղաքապետարանի պաշտոնյան իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ երկու շաբաթ անց դիմակավորված անձը իրեն ծեծի է ենթարկել: Կարապետյանը նշել է, որ երկու դեպքերը ուղիղ կապ ունեն իրար հետ։
Այս հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հակոբ Կարապետյանի նշած պաշտոնյային՝ հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանին, խիստ նկատողություն է հայտարարել և ուղարկել արձակուրդ։