Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը որպես ղեկավար վերընտրել է Օզելին | 1lurer.am

1lurer.am  Սեպտեմբերի 21-ին կայացած արտահերթ համագումարում Օզգյուր Օզելը վերընտրվել է Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել են կուսակցության բոլոր 835 անդամները։

Օզելի վերընտրությունը տեղի է ունեցել նրա դեմ դատական ​​​​հայցի ֆոնին։ Ավելի վաղ Թուրքիայում դատարանը սկսել էր քննել 2023 թվականի նոյեմբերին ԺՀԿ համագումարի արդյունքները չեղարկելու հարցը, որի ժամանակ Օզելն ընտրվել էր կուսակցության նախագահ։ ԺՀԿ-ում կարծում են, որ հերթական համագումարում նրա վերընտրվելը պետք է վերացնի կուսակցության դեմ հայցի իրավական հիմքերը:

Եթե դատարանն անվավեր ճանաչի ԺՀԿ համագումարի արդյունքները, Օզելը կարող է հեռացվել պաշտոնից, ինչը, իր հերթին, կարող է ազդել 2028 թվականին Թուրքիայում նախագահի ընտրության անցկացման ժամկետների վրա և հանգեցնել վերադասավորումների երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում, ավելի վաղ նշել էր Reuters գործակալությունը:

Սեպտեմբերի 15-ի դատական նիստից առաջ տասնյակ հազարավոր մարդիկ հակակառավարական ցույցի են դուրս եկել Անկարայում: Reuters-ի տվյալով՝ նրանք վանկարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականի պահանջով կարգախոսներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև