ՇՄ նախարարը ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջոցառմանը ներկայացրել է Հայաստանի կլիմայական օրակարգը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բարձր հովանու ներքո կազմակերպված Կլիմայական գործողություններին նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը։

Նախարարության փոխանցմամբ՝ իր ելույթում նախարարը նշել է, որ Հայաստանը, լինելով լեռնային և ծով ելք չունեցող երկիր, խիստ խոցելի է կլիմայական փոփոխությունների հետևանքներից։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը վճռական է գործելու և արդեն իսկ կարևոր քայլեր է ձեռնարկել․

• ընդունվել է համապարփակ կլիմայական օրենք,
• հաստատվել է երկարաժամկետ ցածր արտանետումների զարգացման ռազմավարություն,
• պատրաստվում է ներկայացվել երրորդ՝ առավել հավակնոտ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների փաթեթը (NDC):
Հայաստանի կլիմայական քաղաքականության առանցքում դրված է վերականգնվող էներգետիկայի զարգացումը․ մինչև 2030 թվականը նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգիայի 50%-ը վերականգնվող աղբյուրներից՝ այդ ցուցանիշը հասցնելով մոտ 60%-ի մինչև 2040 թվականը։ Միևնույն ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև ատոմակայանի դերը՝ կայուն և ցածր ածխածնային էներգիայի ապահովման գործում։

Նախարարը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի նախաձեռնությունները անտառապատման և անտառվերականգնման ոլորտում, որոնք միտված են էկոհամակարգերի կայունության ամրապնդմանը, կենսաբազմազանության պահպանմանը և համայնքների կենսամակարդակի բարձրացմանը։

Հայաստանի ուղերձը հստակ է․ կլիմայական փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստը փոխկապակցված ճգնաժամեր են, և դրանց հաղթահարումը պահանջում է համատեղ պատասխանատվություն, համերաշխություն և համարձակ քայլեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն