Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում ասել է. «Մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք: Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է: Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով: Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում»:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նել է, որ այժմ աշխատում են և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունեն ՌԴ-ի հետ: Փաշինյանն ընդգծել է, որ շատ արդյունավետ համագործակցում են «Ռոսատոմ» կորպորացիայի հետ:

Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն «ըստ նախատեսվածի զարգանում են»: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության, Փաշինյանն ընդգծել է. « Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն