civilnet.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ բռնակցել Արևմտյան ափի տարածքները։ Այս մասին գրում է Axios-ը:
«Ես թույլ չեմ տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափը… արդեն բավական է։ Ժամանակն է կանգ առնելու», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ հարցն անձամբ քննարկել է Նեթանյահուի հետ։
Թրամփի այս հայտարարությանը նախորդել է մի շարք արաբ առաջնորդների հետ նրա փակ հանդիպումները և ուղերձները, որոնցում նա հավաստիացրել է, որ բռնակցում չի լինելու։ Սա հստակ ազդանշան է, որ Նեթանյահուի նախաձեռնությունը հավանության չի արժանանալու ոչ Վաշինգտոնում, ոչ էլ արաբական աշխարհում։
Նեթանյահուի կառավարությունը քննարկում է Արևմտյան ափի զգալի հատվածների բռնակցման տարբերակը՝ ի պատասխան վերջին շաբաթներին մի քանի արևմտյան պետությունների կողմից Պաղեստինյան պետության ճանաչման։
Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԵ) նախազգուշացրել են Թրամփի թիմին, որ նման քայլը կվնասի Աբրահամյան համաձայնագրերը՝ Թրամփի առաջին պաշտոնավարման արտաքին քաղաքական գլխավոր ձեռքբերումներից մեկը։
Իսրայելի կողմից նման միակողմանի քայլը կդառնա կտրուկ սադրանք և կհանգեցնի լայնածավալ միջազգային արձագանքի։
Երեքշաբթի օրը Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է Սաուդյան Արաբիայի, ՄԱԵ-ի, Քաթարի, Եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի, Ինդոնեզիայի և Պակիստանի բարձրաստիճան ղեկավարների հետ՝ փորձելով նրանց աջակցությունը ստանալ Գազայի պատերազմը դադարեցնելու իր ծրագրին։
Արաբ ղեկավարները մի քանի պայման են առաջադրել, որոնցից հիմնականը Իսրայելի կողմից Արևմտյան ափի և Գազայի որևէ հատվածի չբռնակցելու հանձնառությունն է։ Թրամփն իրենց հստակ հայտնել է՝ բռնակցման փորձը կարգելափակվի։
Թրամփը հայտնել է, որ հինգշաբթի օրը «լավ հեռախոսազրույցներ» է ունեցել թե՛ Նեթանյահուի, թե՛ արաբ առաջնորդների հետ՝ Գազայի հարցով, և վստահություն է հայտնել, որ հնարավոր է շուտով համաձայնության հասնել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում