Թրամփը կոչ է արել Էրդողանին դադարեցնել Ռուսաստանից նավթ և գազ գնելը | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրան կոչ է արել հրաժարվել ռուսական էներգակիրներից, հաղորդում է Reuters-ը։ «Լավագույն բանը, որ նա կարող է անել, Ռուսաստանից նավթ և գազ գնելը դադարեցնելն է»,- Էրդողանի ներկայությամբ լրագրողներին ասել է Թրամփը՝ նրան դիմելով երրորդ դեմքով։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարող է վերացնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները և թույլ տալ գնել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ։

«Նրան որոշակի բաներ են պետք, մեզ էլ են պետք, և մենք համաձայնության կգանք։ Դուք այդ մասին կիմանաք օրվա վերջին»,- ասել է Թրամփը և հավելել, որ Անկարան ցանկանում է նաև գնել ավելի շատ ամերիկյան չորրորդ սերնդի F-16 կործանիչներ։

Թուրքական պաշտպանական արդյունաբերության դեմ պատժամիջոցները սահմանվել են Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում՝ Անկարայի կողմից Մոսկվայից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար։ Երբ հարցրել են, թե երբ կարող են դրանք չեղարկվել, Թրամփը պատասխանել է. «Եթե լավ հանդիպում ունենանք, գրեթե անմիջապես»։

Էրդողանը Թուրքիա-Ռուսաստան առևտրային հարաբերությունների վերաբերյալ որևէ կոնկրետ հայտարարություն չի արել, բայց հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի հետ կարող է քննարկել F-35 և F-16 ռազմական ինքնաթիռների գնման հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն