azatutyun.am Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ Հայաստանի կողմից, ԵԽԽՎ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին:
«Սա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է», – ասաց նա:
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ներկայացուցիչը Փաշինյանին ուղղված հարցում օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչը վրդովեցրեց Փաշինյանին: Փաշինյանը հարց տվեց եվրոպացի պատգամավորին՝ որտեղի՞ց է նա վերցրել այդ ձևակերպումը, քանի որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում նման խոսույթ չկա:
«Որտեղի՞ց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ձեզ, որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտության մասին, նման արտահայտություն չկա, չի եղել, և համոզված եղեք, չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»,- ասաց նա:
Հիշեցնելով, որ հորդորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարզաբանել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, Փաշինյանն արդեն ԵԽԽՎ -ում ադրբեջանական կողմին հորդորեց ցույց տալ, թե որտեղ է այդ միջանցքը քարտեզի վրա: