armenpress.am Հայաստանի առողջապահության նախարարությունը նախատեսում է փոփոխել բժշկական կենտրոնների կառավարման համակարգը՝ 1 տնօրենի փոխարեն ստեղծելով բուժական հատվածի և ֆինանսական-կառավարչական հատվածի պատասխանատուների պաշտոններ։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երբեմն մենք ունենում ենք դեպքեր, երբ հիանալի բժիշկ-մասնագետը չունի կառավարչական հմտություններ»,- նշեց Ավանեսյանը։
Անդրադառնալով որոշ բուժկենտրոններում տնօրենի հայտարարված մրցույթին որևէ թեկնածուի հաղթող չճանաչվելու դեպքերին՝ նախարարը նշեց, որ այդտեղ որևէ խնդիր չի տեսնում։
«Տնօրենների մրցույթներին վերաբերվում ենք շատ խիստ և հստակ։ Անընդհատ փոխում ենք տնօրենների քննությունների ստանդարտները։ Մեր կարծիքն է, որ պետական բժշկական կենտրոնի ղեկավարմանը հավակնելը բավականին պատասխանատու գործ է, և, այո, մրցույթի մասնակիցները պետք է այդ շեմը հաղթահարեն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Առողջապահության նախարարի խոսքով՝ եթե հեշտությամբ բոլորը նշանակվեն, ապա կարելի է մրցութային գործընթացը տապալված համարել։