ՀՀ ազգային ժողովում քննարկվեց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի թեկնածության հարցը։
Հունանյանի թեկնածությունն առաջադրել է ՔՊ խմբակցությունը, նրա կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Էմմա Պալյանը՝ հիշեցնելով, որ ներկայումս Հունանյանը զբաղեցնում է նույն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Պալյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ նշելով, թե ինչ չափանիշներով է ՔՊ խմբակցությունը առաջնորդվում հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելիս՝ մասնավորապես նշելով․ «Թիմի ղեկավարության հրահանգների անխոնջ, լուռ, առանց քննարկման կատարելու պատրաստակամությո՞ւնը, թե՞ համապատասխան ոլորտային բնագավառի բարձրագույն կրթություն ունենալը, համապատասխան ոլորտային մասնագիտական մեծ փորձառությունը, համապատասխան բնագավառում կառավարման, ղեկավարման փորձառությունը, օրենսդրական գործունեությանը նպաստող իրավական գիտելիքների առկայությունը, օրենսդրական գործունեության հարուստ ու ակտիվ փորձը, ասենք՝ օրենսդրական նախաձեռնություններ, ոլորտային հարցերի քննարկումներում ակտիվ մասնակցություն հանձնաժողովների նիստերում, թե՞ թիմում էլ ուրիշ տարբերակ չունենալը, թե՞ ուրիշ չափանիշներ, որոնք ես չնշեցի»։
Էմմա Պալյանը պատասխանեց, որ ինքը իր ելույթում ներկայացրել է Հունանյանի փորձը համապատասխան ոլորտում․ «Մեր խմբակցությունում ցանկացած որոշում հիմնվում է բացարձակապես գիտելիքը ու փորձառությունը հաշվի առնելով, և այս դեպքն էլ բացառություն չէ»։
Կյուրեղյանը արձագանքելով ևս մեկ անգամ նշեց համապատասխան ոլորտում բարձրագույն կրթություն չունենալու և օրենդրական ակտիվ գործունեության մասին կետերը, ինչին ի պատասխան՝ Պալյանը կրկնեց իր ասելիքը։
Հռիփսիմե Հունանյանը իր ելույթում անդրադարձավ Կյուրեղյանի հայտարարություններին՝ նշելով, որ Կյուրեղյանը՝ որպես մանկավարժ, կասկածի տակ է դնում միջին մասնագիտական կրթությունը (Պալյանը թեկնածուին ներկայացնելու ժամանակ նշել է, որ Հունանյանն ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի Բուժքույրական գործ բաժինը), որին տիրապետում է 16 500 բուժքույր ՀՀ-ում, առանց որի՝ առողջապահությունը կաթվածահար կլինի։
«Բացի այդ՝ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ … Բարձրագույն կրթություն անցածները այլ գործառույթ են կատարում, միջին մասնագիտական կրթություն ստացածները՝ այլ»,- հավելեց Հունանյանը։
Նա որպես օրինակ նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի նախկին տնօրեն Արամ Մինասյանի 10 էջանոց կենսագրությունը՝ ասելով, որ դրանով հանդերձ, երբ ինքը 2018 թվականին մտել է այդ բժշկական կենտրոն, տեսել է, որ այդ հիմնարկը կարելի է կոչել ամեն ինչ՝ բացի հիվանդանոցից։
«Այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք՝ գիշեր և ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն՝ անընդհատ, շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում [կրթություն] ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ: Հոգատարություն է թաքնված այս փոքրիկ կենսագրության հետևում, սեր է թաքնված, հարգանք է թաքնված, որը երբեք չէի ուզի խախտել, որովհետև կարծում եմ՝ բժիշկ, բուժքույր հասկացությունները մի ընդհանուր համակարգ են, չպետք է բաժանել իրարից ոչ մի պարագայում»,- ասաց Հունանյանը։
Ապա թեկնածուն, անդրադառնալով ոլորտին, նշեց, որ առողջապահության ոլորտում պետք է նոր մշակույթ ձևավորել։ Նրա խոսքով առողջության պահպանման առաջնային օղակում բազմաթիվ լավարկումներ են եղել, սակայն դեռևս կան էթիկայի խնդիրներ, մասնավորապես․ «Երբ զանգում ենք պոլիկլինիկա, չենք ստանում բարեհամբույր և ճիշտ պատասխան, պացիենտի հետ խոսելիս բուժաշխատողը չի նայում պացիենտի աչքերի մեջ, որ պացիենտը համոզված լինի, որ իրեն լսում են, պացիենտի հետ խոսում են դու-ով։ Թվում է, թե պրիմիտիվ բաներ եմ ասում, բայց վերջիններս կարևոր բաներ են»։
Խոսելով հիվանդությունների կանխարգելման մասին՝ Հունանյանը նշեց, որ սա կառավարության քաղաքականությունն է, ու կոչ արեց քաղաքացիներին անցնել սկրինինգային հետազոտություններ՝ չարաբաստիկ հիվանդությունները կանխարգելելու համար, եթե դրանք հայտնաբերվում են։ Նշելով մի շարք այլ բարեփոխումներ՝ պատգամավորը հայտնեց, որ դեռևս մարտահրավեր է մնում քաղցկեղը, որի ամբողջական բուժումը պետությունը դեռ չի կարողանում ծածկել․ «Ես լիահույս եմ, որ այս հարցը կլուծվի Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ»։
Հունանյանն անդրադարձավ նաև դեղերի շուկային, հիվանդանոցների կառուցմանն ու վերակառուցմանը, ՔԿՀ-ներում ամբուլատոր և ստացիոնար համակարգերին, ՀՀ առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը, Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը։
Հարցի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ իրենց բարձրաձայնած խնդիրը ո՛չ բուժքույրերի աշխատանքն է, ո՛չ այդ աշխատանքը կամ բուժքույրերին նվաստացնելը․ «Խնդիրը այն է, որ ՔՊ խմբակցությունը կարևորագույն հանձնաժողովի պաշտոնի համար առաջադրել է թեկնածուի, որը չունի բարձրագույն կրթություն և ամբողջ կյանքում բուժքույր է աշխատել։ Տիկի՛ն Հունանյան, խնդիրը արդյունավետությունն է, թե Դուք որքանով կկարողանաք արդյունավետ կառավարել այս բարդ ոլորտը։ Ընդամենը դրա մասին են խոսում իմ գործընկերները, խնդրում եմ, մի մանիպուլացրեք»։
Խամոյանն ասաց, որ ինքն ակնկալում էր, որ Հունանյանը բովանդակային ելույթ կունենար, և կենտրոնացումը չէր լինի իր՝ բուժքույր լինելու վրա, և կփորձեր արդարացնել, որ կարողանալու է արդյունավետ կառավարել ոլորտը։
«Ես ցավում եմ, որ Ձեր հիմնական մատնացույց արած խնդիրներից մեկն այն է, որ բժիշկները չեն նայում մարդկանց աչքերի մեջ։ Էս ոլորտն էնքան խնդիրներ ունի, որ եթե այսօր բոլորը նշենք, օրը կավարտվի, իսկ խնդիրները՝ ոչ»,- ասաց Խամոյանը։
ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը պաշտպանեց Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը․ «Հաշվի առնելով տիկին Հունանյանի մարդկային որակները՝ պարտաճանաչությունը, պայքարելու կարողությունը և արդարամտությունը, ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք հրաշալի հանձնաժողով, որը միշտ աչքի է ընկել առատ, առատագույն, ամենաառաջատար քանակով և որակով առողջապահական օրենսդրական նախագծերով, քննարկումներով, աշխատանքային քննարկումներով, ինչու ոչ, նաև ճանաչողական այցերով, որոնք հանձնաժողովի բոլոր անդամներին զինել են բավականին լուրջ գիտելիքներով, և ես շատ եմ կարևորում առողջապահության հանձնաժողովը, որովհետև խորհրդարանական երկրում խորհրդարանի առողջապահության հանձնաժողովը թերևս այս համակարգի ամենակարևորն է որպես վերահսկող, բալանսավորող, փոխզսպող և վայր, որտեղ քաղաքական և նաև մասնագիտական որոշումներ են կայանում»։
Եզրափակիչ ելույթի ժամանակ Հունանյանը հայտնեց, որ բաց է քննարկումների համար՝ նշելով, որ երկրորդում է հայտարարությունները, որ առողջապահության համակարգում կան բազմաթիվ բացեր՝ միաժամանակ շեշտելով, որ այնուամենայնիվ, չկա անսահմանափակ բյուջե բոլոր բացերը փակելու համար։
Անդրադառնալով իր «բժշկի՝ պացիենտի աչքերի մեջ չնայելու» մասին հայտարարության արձագանքներին՝ Հունանյանն ասաց․ «Երկիրը սկսվում է կարգապահությունից, և ամեն ինչ է սկսվում կարգապահությունից։ ․․․ Եթե միջազգային փորձերը ուսումնասիրեք, նրանց առաջնային խնդիրը հիվանդին նայելն ու լսելն է ամենայն ուշադրությամբ»։
Նշենք, որ հանձնաժողովի նախագահն ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկությունը դեռևս տեղի չի ունեցել։
Լուսանկարում՝ Հռիփսիմե Հունանյանը