armenpress.am Ազգային ժողովը չընդունեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու վերաբերյալ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շեշտել է, որ նման կարգավորում արդեն իսկ գործում է:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 26 կողմ, 58 դեմ, 2 ձեռնպահ ձայներ:
Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին:
Նախագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանության կամ նմանատիպ հանցագործությունների հերքումը, մեղմացումը, հավանության տալը կամ արդարացնելը կպատժվի տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ մինչև 4 տարի ժամկետով։ Եթե արարքը կատարվի ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելության հիմքով ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով, ապա նախատեսվում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով։ Իսկ եթե այն իրականացվի զանգվածային լրատվության միջոցներով, տեղեկատվական տեխնոլոգիաներով կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, կկիրառվի առավել խիստ պատիժ՝ 10-15 տարվա ազատազրկում և մինչև 5 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։
Գլխադասային պետաիրավական հարցերի հանձնաժողովի դիրքորոշումն ԱԺ նիստում ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
«Գտել ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունն այս պահին բացակայում է, որովհետև ՀՀ քրեական օրենսգրքի 136–րդ հոդվածն արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը»,–նշել էր նա:
Ալխաս Ղազարյանը շեշտել էր, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չի հերքել, չի հերքում և չի էլ հերքելու Հայոց ցեղասպանության փաստը:
Ընդդիմությունն օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշել էր, որ թեև գործող ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է ցեղասպանության հերքման պատասխանատվության դրույթ, սակայն այն չունի հատուկ մոտեցում Հայոց ցեղասպանությանը, ինչը, կարծում են, այս դեպքում արդարացված չէ, քանի որ նախ բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են հայ ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունը: «Բացի այդ, ուսումնասիրելով միջազգային փորձը, հարկ է արձանագրել, որ ցեղասպանությունը հերքելը, մերժելը կամ ուրանալը քրեորեն պատժելի արարք է համարվում աշխարհի շատ երկրներում»,–ասված է ընդդիմության նախագծի հիմնավորման մեջ: