Մարտունու համայնքապետարանը 2022-2025 թվականներին շուրջ 741 մլն դրամի պայմանագրեր է կնքել «Կոթաշին» ընկերության հետ, որի սեփականատերը և տնօրենը մինչև 2025 թվականը եղել է համայնքի ավագանու անդամ Պապ Դանիելյանը, իսկ 2025 թվականի ապրիլից` վերջինիս կինը։
2021 թվականի վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքում Պապ Դանիելյանը Մարտունի համայնքում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է համայնքի ավագանու անդամ։ Հաջորդ տարի վերջինս դարձել է 2021 թվականին Մարտունիում հիմնադրված «Կոթաշին» ընկերության սեփականատերն ու տնօրենը։
2022 թվականին ընկերության և համայնքի միջև կնքվել է երկու պայմանագիր՝ 41.5 մլն դրամի՝ մանկապարտեզում խաղահրապարակի, և ավելի քան 38 մլն դրամի՝ ոռոգման կառուցման համար։ 2023 թվականին ընկերությունը մի քանի փողոցներում կատարել է փոսալցման աշխատանքներ՝ համայնքի հետ կնքելով 46.5 մլն դրամի պայմանագիր։
Միայն 2024 թվականին «Կոթաշին» ընկերության և համայնքապետարանի միջև կնքվել է ընդհանուր 398 մլն դրամի 4 պայմանագիր։ Ընկերությունը տարբեր բնակավայրերում կառուցել է ջրագիծ, խաղահրապարակ, ոռոգման համակարգեր, տեղադրել կանգառատեղիներ։
2025 թվականի ապրիլին ընկերության սեփականատեր և տնօրեն է դարձել Դանիելյանի կինը՝ Լիանա Սերոբյանը, և հենց հաջորդ ամիս համայնքի հետ կնքվել է 216 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։
Դեռևս հունիսին գրություն էինք ուղարկել Պապ Դանիելյանին՝ խնդրելով պատասխանել՝ շահերի բախում չի՞ տեսնում արդյոք այս իրավիճակում։ Վերջինս մինչ օրս չի արձագանքել։
Հարցեր ենք ուղարկել նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանին՝ ճշտելու վերջինիս կարծիքը կնքված պայմանագրերի և հնարավոր շահերի բախման մասին։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի` համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) ներկայացնել հայտարարություն՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ։ Օրենքը շահերի բախումը սահմանում է որպես իրավիճակ, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Մասնավոր շահը կարող է լինել որևէ արտոնություն ոչ միայն իր հետ փոխկապակցված անձանց, այլ նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Իսկ քաղաքական հարաբերությունները, ի թիվս այլնի, ներառում են որևէ կուսակցության մասնակցությունը։
Համայնքապետ Հովհաննես Հովեյանը և ավագանու անդամ Պապ Դանիելյանը ավագանու կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են և համանուն կուսակցության անդամներ։
Համայնքի ղեկավարը շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Մեր հարցերին ի պատասխան վերջինս, հղում անելով «Գնումների մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներին, նշել է, որ այս իրավիճակում շահերի բախում չկա։