Սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ ձերբակալվել է։
«Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Փաստաբան Տաթեւիկ Սողոյանը հայտնում է, որ ձերբակալվածները անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Սարգսյանն են։
Նշենք, որ Արսեն Ղուկասյանը մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ «Խուռհատ սար»-ի գործով անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել նաեւ մեկ այլ գործի շրջանակում, որով Վահանյանն ուներ տուժողի կարգավիճակ․ Ղուկասյանին մեղադրում էին ռազմական դրության պայմաններում զորամաս ապօրինի մուտք գործելու եւ Վահանյանի առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեջ։ Ծնողների եւ հրամանատարի միջեւ վիճաբանությունը, ըստ քրեական գործի, ծագել էր Վահանյանի կողմից իր ենթակա անձնակազմին առանց հրամանատարության թողնելու կապակցությամբ։
Երեւանի քրեական դատարանը, դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, առաջին հոդվածում նրան արդարացրել է արարքը ապացուցված չլինելու հիմքով, իսկ երկրորդում մեղավոր է ճանաչել, սակայն պատիժ չի նշանակվել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ-ի դիմաց, պահանջում էին հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։