Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, այսօր շտապօգնություն է եկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տաթև Սողոյանը։
«Հրմշտոցից հետո նա իր կրծքավանդակի շրջանում հարված է ստացել։ Իմ կողմից գործի նյութերին կցվել են նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին նյութեր։Նա հաշմանդամություն է ձեռք բերել 44–օրյա պատերազմից հետո` 2 անգամ սրտամկանի ինֆարկտ և մեկ անգամ ինսուլտ է ստացել, 3 անգամ ստենտավորվել է»,– նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի է հարվածել։
«Տեղի ունեցած քաշքշուկի հետ կապված նա ուղղակի վրդովված է եղել ու այդ մասին նա մանրամասն ցուցմունքներ է տվել։ Հիմա ուղղակի իրավապահ համակարգը մատի փաթաթան է սարքել խուլիգանության հոդվածը ու ամեն մի հրմշտոց այդ հոդվածի տակ է դնում։ Իմ վստահորդի կողմից շշեր չեն նետվել, անգամ եթե նետվել են, ապա ոչ ծառայողների ուղղությամբ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների հարազատներ են ձերբակալվել։ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անհետ կորած զինծառայողների ծնողները օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ-ի դիմաց, պահանջում էին հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։