armenpress.am Եվրոպական խորհրդարանում 2019 թվականից գործում է Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խումբը (DEG): Խմբի նպատակը ժողովրդավարության խթանումն է ոչ ԵՄ անդամ երկրներում։
Յուրաքանչյուր տարի ընտրություն է կատարվում, թե որ երկրներում է խումբը գործունեություն ծավալելու։ DEG-ի գործունեության առանցքում ԵՄ Արևելյան և Հարավային հարևանության երկրներն են, Արևմտյան Բալկանները և Թուրքիան։
Այս տարի առաջնահերթ երկիր է ընտրվել Հայաստանը։ Հայաստանում DEG-ի գործունեությունը կառաջնորդի Եվրոպական խորհրդարանում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Նաչո Սանչեսը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը DEG-ի նպատակների, դրա գործունեության հիմնական ուղղությունների, այդ համատեքստում Հարավային Կովկասում մարդու իրավունքների, ժողովրդավարության վիճակի, ինչպես նաև 2025 թվականի հոկտեմբերի վերջին Հայաստանում կայանալիք ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստի վերաբերյալ զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչեսի հետ։
-Պարոն Սանչես, որոնք են Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի (DEG) հիմնական գործառույթները, ի՞նչ նպատակով է այն ստեղծվել, և ի՞նչ ակնկալիքներ կան դրա գործունեությունից։
-Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խումբը Եվրոպական խորհրդարանի այն խումբն է, որը նվիրված է ժողովրդավարության խթանմանը ամբողջ աշխարհում։ Սա չի վերաբերում ԵՄ-ի ներքին ազատություններին, այլ կապված է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (AFET) և Զարգացման հանձնաժողովի (DEVE) հետ։ Խումբը ստեղծվել է՝ ընդհանուր առմամբ ժողովրդավարությունը խթանելու նպատակով։
Յուրաքանչյուր տարի մենք որոշում ենք, թե որ երկրներում ենք պատրաստվում աշխատել։ Հայաստանը ընտրվել է որպես առաջնահերթ երկիր։ Իմ գործընկերները ինձ հանձնարարեցին առաջնորդել Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի գործունեությունը Հայաստանի ուղղությամբ, այսինքն՝ ես խորհրդարանում հանդիսանում եմ այս տարածաշրջանի դեմքը՝ կապված ձեր երկրի հետ։ Ի՞նչ ենք անում։ Հիմնականում աշխատում ենք Հայաստանի Ազգային ժողովի հետ՝ միջնորդության, երկխոսության խթանման, երիտասարդ առաջնորդների և կին պատգամավորների գործունեության ուղղությամբ։ Սա կենտրոնացած է խորհրդարանական աշխատանքի վրա, երբեմն՝ նաև կուսակցությունների։ Սակայն դա «հատուկ զեկուցողի» դեր չէ, այսինքն՝ չենք գնահատում երկրի ընդհանուր պատկերը։ Սա ավելի շատ միջխորհրդարանական համագործակցություն է՝ ուղղված ժողովրդավարության խթանմանը։
-DEG-ի առաջնահերթություններից մեկը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունն է, ինչը ներառում է նաև մշակութային իրավունքները։ Ինչպե՞ս կարող է ԵՄ-ն արձագանքել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության փաստագրված ոչնչացմանը։
-Մենք այս հարցը բազմիցս ընդգծել ենք տարբեր բանաձևերում։ Ցավոք, սա աշխարհի շատ հակամարտությունների հետևանքներից մեկն է։ Խորհրդարանը մշտապես շեշտում է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը․ սա պարզապես քարերի հարց չէ, սա ինքնության հարց է։ Այդ իսկ պատճառով մենք շատ լավ գիտենք, որ սա չափազանց զգայուն թեմա է, և մենք միշտ փորձում ենք անդրադառնալ դրան, ինչպես եղել է հայկական ժառանգության դեպքում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի որոշ տարածքներում։
-Որպես DEG-ի անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում Բաքվում պահվող հայ գերիների շարունակվող ապօրինի կալանքը։ Արդյո՞ք պետք է Եվրախորհրդարանը ավելի ակտիվ դեր խաղա նրանց ազատ արձակումը ապահովելու գործում՝ միջազգային մարդասիրական իրավունքի հիման վրա։ Տեսնո՞ւմ եք DEG-ի մանդատում միջնորդական և երկխոսության մեխանիզմների օգտագործման հնարավորություն՝ Ադրբեջանի վրա միջազգային ստանդարտներին համապատասխանելու ուղղությամբ ճնշում գործադրելու համար։
-Ո՛չ, դա Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի ուղիղ օրակարգի մաս չէ, սակայն այն մտահոգում է ամբողջ Եվրոպական խորհրդարանին։ Մենք գիտենք, որ նախագահ Թրամփը հանձնառություն է ստանձնել այս հարցով զբաղվելու համար։ Եվ կարող եմ պատկերացնել, որ Հայաստանը, լինելով կառուցողական և նույնիսկ երբեմն քաղաքական գին վճարելով իր քայլերի համար, այժմ լիովին իրավասու է պահանջելու, որ միջնորդը՝ այս դեպքում պարոն Թրամփը, կատարի իր խոստումները՝ կապված ղարաբաղյան հայ ղեկավարների և ռազմագերիների ազատ արձակման հետ։
-Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար հայեր տեղահանվեցին։ Ինչպե՞ս կարող է ԵՄ-ն ավելի արդյունավետ կերպով համատեղել մարդասիրական աջակցությունն ու քաղաքական ճնշումը, որպեսզի տեղահանված հայերի խնդիրները լուծվեն։
-Այո, անկախ իրավական կամ քաղաքական զարգացումներից, որովհետև այս հարցը շատ քաղաքական է՝ այս մարդկանց հումանիտար իրավիճակը պետք է ցանկացած դեպքում պաշտպանված լինի։ Նույնիսկ եթե Թրամփը չկատարի իր պարտավորությունները կամ եթե առաջընթաց չլինի, այս մարդկանց պաշտպանության միջազգային պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Այս առումով պարտավորություն ունի նաև Ադրբեջանը։
-DEG-ի առաքելությունն է ամրապնդել խորհրդարանական ժողովրդավարությունը ԵՄ-ի սահմաններից դուրս։ Արդյո՞ք Հայաստանը իր ժողովրդավարական բարեփոխումներով և օրենքի գերակայության նկատմամբ պարտավորվածությամբ կարող է ավելի հստակ և ազդեցիկ աջակցություն ստանալ ԵՄ-ից՝ տարածաշրջանում ավտորիտար ճնշումներին հակակշիռ դառնալու համար։
-Այո, և ոչ միայն ավտորիտար ազդեցություններին հակազդելու համար, այլև ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության պակասը լրացնելու։ Հայաստանը կորցրել է ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի ֆինանսավորման զգալի մասն այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը դադարեցրեց նման ծրագրերը։ Եվրոպական միությունն ամբողջ աշխարհում բախվում է նման խնդրի․ մենք չենք կարող ամբողջությամբ փոխարինել ամերիկյան ներդրումներին։
Սակայն մենք պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ ձեր երկիրը ցույց է տալիս ԵՄ-ին մոտենալու քաղաքական կամք։
Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած ձևաչափով՝ միջնորդությունից և երկխոսությունից մինչև խորհրդարանական աշխատանքի բարելավում՝ ԵՄ խորհրդարանի և անդամ պետությունների խորհրդարանների ներգրավմամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում