Հայաստանը կարող է առաջարկել, որ Թրամփի ճանապարհը լինի 4-5 անգամ ավելի երկար՝ մինչև Երասխ նույն պայմաններով կողմերի համար. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում նախաստորագրված փաստաթղթին՝ մասնավորապես ներկայացնելով, թե ինչ է «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի համար, և ինչ տրանզիտային ներուժ ունի Հայաստանը:

«Թուրքիա, Վրաստան. ունեն բոլոր հնարավորությունները, շրջանցելով Հայաստանը, հաղորդակցվել իրար հետ: Թուրքիա-ՌԴ՝ ևս նույնը, Վերին Լարսում թուրքական մեքենաները ավլեի շատ են, քան հայկականները: Վրաստան-Ադրբեջան. ամբողջությամբ հնարավորությունը կա, տրանսպորտային կապը կա, և հիմնական ակտիվ աշխատող միջանցքը Կասպից և Սև ծովի մեջ [առկա է]: Իրան-Ադրբեջան. բոլոր հնարավորությունները ևս ունեն, և Իրան-Ադրբեջան առևտուրը ոչ ոք չի անում՝ Հայաստանի տարածք մտնելով: Նույնը մնացածը. ոչ մի ֆուռի վարորդ Հայաստանով չի փորձելու գնալ Վրաստան: Իրան-Թուրքիա ևս նույն վիճակն է:

Ըստ էության՝ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով այս երկրների համար տրանզիտային ներուժ գրեթե չունի: Բացառություն է Ադրբեջան-Թուրքիան, այս երկրների հարաբերություններում ենթադրվող միջանցքը իսկապես էական նշանակություն ունի՝ որպես թուրանի պռոյեկտ, …»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով յուրաքանչյուր տրանսպորտային միջանցք աշխարհաքաղաքական ներուժ, գործոն է այդ երկրի համար:

Այս համատեքստում նա ընդգծեց, որ Հայաստանի տարածքի այն մասը, որը ունի տրանզիտային ներուժ, նաև աշխարհաքաղաքական կշիռ, տրվում է Միացյալ Նահանգներին երկարատև պայմանագրով կառավարման:

Նա նշեց, որ երկու շահ կա Հայաստանի համար TRIPP ճանապարհի՝ իրականություն դառնալու դեպքում.

«Եթե Երասխ-Ջուլֆա-Իրան երկաթուղին սկսի աշխատել, մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ, նաև երկաթուղային կապ դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով: Այդ երկու գործոնն է միայն հետաքրքիր Հայաստանի Հանրապետության համար»:

Քոչարյանը վստահեցրեց, որ «եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պռոյեկտը անիմաստ և վտանգավոր է ՀՀ-ի համար»:

Ապա նա խոսեց ռիսկերից: Քոչարյանը նշեց, որ եթե կառուցվի Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին և երկաթուղային կապը Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքով անխափան աշխատի, իսկ Հայաստանի հետ կապը չկառուցվի, Հայաստանը կլինի զրոյական վիճակում՝ կորցնելով Իրանի հետ կապը:

«Եթե այս ռիսկը իրականություն դառնա, կարո՞ղ ենք Միացյալ Նահանգներին ստիպել, խիստ կասկածում եմ»,- ասաց նա:

«Չհնչած հարցին», թե ինչ կարող էր անել Հայաստանը, Քոչարյանը պատասխանեց. «Հայաստանը կարող էր պնդել, որ Թրամփի ճանապարհը լինի ոչ թե 42 կիլոմետրանոց, այլ առնվազն 4-5 անգամ ավելի երկար՝ մինչև Երասխ նույն պայմաններով կողմերի համար: Այդ դեպքում միջանցքի անխափան աշխատանքի պատասխանատվությունը կլիներ ԱՄՆ-ի վրա ամբողջությամբ»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ սրան հասնելը հեշտ կլիներ, քանի որ ԱՄՆ-ի շահը այդտեղ երևում է. «Այս պարագայում դեկորացիայի դերում կլիներ Իլհամ Ալիևը՝ չհամաձայնելով կամ հետաձգելով»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դա չի արել, քանի որ «նա Հայաստանի մասին չէր մտածում, այլ մտածում էր նկարի մասին, որը կարելի է օգտագործել ներքաղաքական նպատակների համար»:

Ինչ կարելի է անել հիմա՝ ըստ ՀՀ երկրորդ նախագահի.

«Կա երկու տարբերակ: Առաջինը փորձել այնուամենայնիվ մեծացնել այս պռոյեկտը Միացյալ Նահանգների հետ, առաջարկել, որովհետև ԱՄՆ հետաքրքրությունը այստեղ ակնհայտ է:

Եթե սա չի հաջողվում, որովհետև կարծում եմ՝ Ալիևը մերժելու է սա, ուրեմն՝ երկրորդ տարբերակը. շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին, ասել՝ էս ինչ լավ գաղափար է, բայց այս կտորը կկառուցենք մենք՝ Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհի անունը կմնա Թրամփի ուղի և այլ, և այլ, բայց վերահսկողության հարցը կմնա Հայաստանի Հանրապետությանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ